ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում մանրամասնեց, թե ինչ է նշանակում, երբ ասում է, որ Հայաստանում ժողովրդավարությունը համարում է ներքին առումով անշրջելի՝ այդուամենայնիվ նշելով, որ արտաքին առումով կան որոշակի սպառնալիքներ:
«Արտաքին առումով ի՞նչ վտանգներ կան: Ես ուզում եմ մեր ոչ վաղ անցյալի մասին խոսել: Տեսե՛ք՝ 2021 թվականի մայիսի 10-ին ուժի մեջ է մտնում իմ հրաժարականը, և խորհրդարանը լուծարվում է, այսինքն՝ երկրում փաստացի չկան ո՛չ կառավարություն, ո՛չ խորհրդարան, և մայիսի 12-ին տեղի է ունենում Ադրբեջանի ներխուժումը Սոթք-Խոզնավար հատվածում, և զրո ռեակցիա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից:
Այժմ քրեական գործով կան կալանավորված բարձրաստիճան զինվորականներ: Ինչի՞ համար են նրանք կալանավորված, որովհետև պարզվում է՝ նրանք ոչ մի գործողություն չեն ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար: Ու նրանք չունեն բացատրություն»,- ասաց Փաշինյանը, ապա առաջարկեց նման իրավիճակ պատկերացնել. «Եթե 2021 թվականի մայիսին մեր ռեակցիաները լինեին այսպես ասած գծային, մենք և՛ ժողովրդավարությունը կկորցնեինք, և՛ պետությունը կկորցնեինք, և ասվածի մեջ ոչ մի չափազանցություն չկա»: