Հայաստանում պետք է ներդնել հակակոռուպցիոն կրթություն՝ խորհուրդ են տալիս միջազգային փորձառու մասնագետները: Քաղաքացու մեջ դեռ աշակերտի կարգավիճակում պետք է ձևավորել հատուկ վարքագիծ և զգայուն վերաբերմունք՝ զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ, և դա պետք է անեն վերապատրաստված ուսուցիչները: Երևանյան աշխատաժողովի մանրամասները՝ տեսանյութում:
Նախատեսվում է արդիականացնել կրթական ծրագրերը, անհրաժեշտ ուսումնաօժանդակ նյութեր ստեղծել և տեղայնացնել դրանք: Եվրոպական միության «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» Թվինինգ ծրագրով այսօր մանկավարժների համար կազմակերպվել էր «Հակակոռուպցիոն կրթությունը՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի հենասյուն» խորագրով աշխատաժողով:
Հայկուհի Հարությունյան (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ) -
Խոսելով կոռուպցիան հանրակրթության ոլորտում կանխարգելելու մասին՝ հիմնականում ուսուցիչներն ընկալում էին, որ դա նրա մասին է, որ ուսուցիչները պիտի կոռուպցիայով չզբաղվեն, մինչդեռ մեր նպատակը և մեր հաղորդակցությունը դրա մասին չէր, մենք նպատակ ունեինք ձևավորել այն համագործակցությունը ուսուցիչների հետ, որի միջոցով ՀՀ քաղաքացին աշակերտի կարգավիճակում արդեն կձևավորի այդ վարքագիծը կոռուպցիայի նկատմամբ՝ զրո հանդուրժողականություն և զգայուն վերաբերմունք ունենալու համար:
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ առարկայական ծրագիրը, որտեղ ներկայացված է կոռուպցիայի վերաբերյալ տեղեկատվությունը, չափազանց սահմանափակ է:
Հայկուհի Հարությունյան - Եթե պետությունը որդեգրել էր կոռուպցիայի դեմ պայքարի մոտեցումները, ցավոք սրտի, հանրակրթական ծրագրերում և նույնիսկ մեթոդական, ուսումնական հնարավորություններում դա ամբողջությամբ բացակայում էր:
Միջազգային փորձագետներն այսօր կայացած աշխատաժողովի ժամանակ ներկայացրել են կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ իրենց մշակած նյութերը:
Թորսթեն Փիթերս (Թվինինգ ծրագրի շրջանակում ներգրավված փորձագետ) - Այս աշխատաժողովն առաջին անգամ է իրականացվում, այն փորձնական է, այսօր կտեսնենք, թե ինչպես կաշխատի, հետագայում կվերադառնանք ավելի լավ տարբերակով:
Սվեն Իվենս (Թվինինգ ծրագրի շրջանակում ներգրավված փորձագետ) - Ամենայն հավանականությամբ, կվերադառնանք աշնանը՝ վերապատրաստելու դասընթացավարների, ուսուցիչների, այսինքն՝ ներկայացնելու ամբողջական ծրագիր Հայաստանի ընդհանուր կրթական համակարգի համար: Նաև ցանկանում ենք ներկայացնել այն ուղղությունները, որոնցում կոռուպցիայի առավել մեծ հավանականություն կա: Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ է, քան հետխորհրդային մյուս երկրներում:
Աշխատաժողովի արդյունքում մասնագետների դիտարկումների և առաջարկությունների հիման վրա նյութերը կլրամշակվեն, կտեղայնացվեն, կիրականացվեն մանկավարժների վերապատրաստողների վերապատրաստման ծրագիր:
Հռիփսիմե Խանզադյան («Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ընտրության բաժնի ղեկավար) - Շատ կարևոր է, որ իրազեկվածությունը սկսվի հենց կրթության ոլորտում հենց ուսուցիչներից, քանի որ եթե մենք ցանկանում ենք հակակոռուպցիոն կրթությունը դարձնել կրթական մի բաղադրիչ, մենք պետք է նաև կոտրենք կարծրատիպեր և շատ խոսենք՝ ինչ է կոռուպցիան:
Աշնանը նախատեսվում է նմանատիպ ծրագիր իրականացնել նաև դասախոսների համար: Նպատակն է թիրախավորել կրթական բոլոր մակարդակները՝ ինչպես ակադեմիական, այնպես էլ ոչ ակադեմիական տարբերակով, որպեսզի ձևավորվի գործակցություն՝ կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժող վերաբերմունքի տեսանկյունից:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան