Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին վերջին շրջանում լարվածություն, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն գրանցվել, կորպուսի հրամանատարի ներկայացմամբ՝ իրավիճակը հարաբերական կայուն է: Հակառակորդի դիրքերն այստեղից 480 մետրից մինչև 1.7 կմ հեռավորության վրա են:
Ձգումներ, վազք, մենամարտի հմտություններ՝ հատուկ ուշադրություն են դարձնում ուժային վարժություններին: Զորամասում օրը սկսվում է ֆիզպատրաստությամբ:
Նարեկ Շահնազարյան (զորամասի ֆիզիկական պատրաստության և սպորտի պետ) - Անձնակազմը մեծ ոգևորությամբ է զբաղվում ֆիզիկական պատրաստությունով: Մեր ջանքերը մենք չենք խնայում, որպեսզի անձնակազմին ուսուցանենք համապատասխան կարգով:
Կապիտան Շահնազարյանի պնդմամբ՝ վերջին ամիսներին ֆիզպատրատությունը հետաքրքրում է նաև սպայական կազմին:
Նարեկ Շահնազարյան - Պատրաստվում են դասային ատեստավորման քննություններին: Սպայական կազմը օրուգիշեր պարապմունքներ է անցկացնում՝ բարելավելով իրենց ֆիզիկական կարողությունները, և պատրաստվում են ատեստավորմանը:
Զենքը քանդել-հավաքելու համար զինվորները 45 վայրկյան ունեն՝ «գերազանց» գնահատական ստանալու համար: Արսենը մեկ տարուց ավելի է ծառայում է, զենքին արդեն գերազանց տիրապետում է:
Արսեն Գրիգորյան (ժամկետային զինծառայող) - Սովորեցնում ենք, ով էլ որ չգիտի զենքի հետ վարվել, սաղին սովորացնում ենք՝ կրակելու վախտ կլինի, թե կլինի պարապմունք: Իմ համար կարևորագույն դասերը ՀՊ-ն ա՝ Հայոց պատմությունը, զինվորը պետք է իմանա իր հայոց պատմությունը, կրակային պատրաստությունը ամենակարևորը, որ զինվորը կարողանա իր զենքին տիրապետի, ամենակարևորը էդ ա իմ համար:
Զենքով պարապմունքներ են անցկացվում նաև շարահրապարակում, կրակելուց զատ պետք է տիրապետեն նաև զենքը ճիշտ կրելու և հրամանները կատարելու կանոններին:
Եվս 50 օր, և Ստեփանը տուն կգնա: Վստահեցնում է՝ շատ բան է սովորել 22 ամիս ծառայելու ընթացքում:
Ստեփան Սահակյան (ժամկետային զինծառայող) - Ստեղ կոփվում ես, ստեղ ինքնուրույն ես դառնում ու սովորում ես բոլոր ու բոլոր դժվարություններին, որ կարողանաս ընկերներիդ հետ հաղթահարես, թիմիդ հետ հաղթահարես: Ամենակարևոր բանն ա էսօր, որ լինես ինքնուրույն ու հզոր: Փորձում ենք ամեն ինչ անել նենց, որ մեր երկիրը հզոր մնա, մենք հզոր մնանք, ոչ մեկ մեզ չխանգարի:
Դիրքերում ավելի պարտավորված ես՝ անկեղծանում է դիրքի ավագ կրտսեր սերժանտը: Իրենք հսկում են երկրի հյուսիսարևելյան սահմանի մի հատվածը:
Նարեկ Ղևոնդյան (դիրքի ավագ) - Զինվորները կատարում են իրանց պարքը, ինչպես օրինակ ամեն մեկը իր ծնողի համար կկատարեր, նույն ձև բոլորի համար, բոլոր զինվորները այստեղ կանգնած են:
Դիրքում ամեն ինչ արել են զինվորների անվտանգությունն ապահովելու համար՝ դիտարկման խցերից մինչև թաքստոցներ՝ ամեն ինչ կահավորված է:
Ռազմիկ Բաղդասարյան (ստորաբաժանման ղեկավար) - Ամեն ինչ արված ա, որ անձնակազմը լինի անվտանգ ժամանակակից մարտի ժամանակ:
Այս հատվածում վերջին շրջանում լարվածություններ, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն գրանցվել, իրավիճակը հարաբերական կայուն է՝ տեղեկացնում է կորպուսի հրամանատարը: Հակառակորդի դիրքերն այստեղից 480 մ-ից մինչև 1.7 կմ հեռավորության վրա են:
Ալեքսանդր Ցականյան (երրորդ բանակային կորպուսի հրամանատար) - Մարտական հերթապահությունը գտնվում է ամենօրյա վերահսկողության տակ, պատրաստությունը ընթանում է սահմանված հաստիքային ռեժիմով և, հաշվի առնելով առկա մարտահրավերները, առօրյա ռեժիմում իրականացնում ենք և՛ անհատական պատրաստություն, և՛ ստորաբաժանումների ներդաշնակում, անց ենք կացնում համապատասխան զորավարժություններ, պարապմունքներ՝ նպատակաուղղված մարտունակության պահպանմանը:
Գնդապետ Ցականյանը նաև ատեստավորման գործընթացն է ներկայացնում, ընդգծում՝ բարձր հրամկազմից մինչև դասակի հրամանատարներ՝ բոլորը նախապատրաստվում են քննություններին` անհատական և ստորաբաժանումների կազմերով: