Տելեգրամ ալիքներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը վերաբերող քրեական վարույթով անցնում է 250 անձ, Ազգային ժողովում Ներքին գործերի նախարարության 2022թ. բյուջեի կատարողականը ներկայացնելիս նշեց նախարար Վահե Ղազարյանը: Նա հավելեց՝ ոստիկանությունը թմրամիջոցների շրջանառության բացահայտման դրական ցուցանիշ ունի:
Վահե Ղազարյան (ՀՀ ներքին գործերի նախարար) - 2021թ. ոստիկանությունում բացեցինք համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժին, ունենք բավականին դրական արդյունքներ: Ներկա պահին Քննչական կոմիտեում նախաձեռնված է քրեական վարույթ համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, այսինքն՝ «Տելեգրամ» կանալով` որ այսօր ամենադժվարը և խնդրահարույցն է մեզ համար: Դրա հետ կապված` ունենք կատարված շատ լուրջ աշխատանքներ, և դրա մասին մոտ ժամանակներս կլսեք:
Շարունակելով թմրամիջոցների թեման` նիստը համանախագահող Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հետաքրքրվեց օրեր առաջ «Մրգենի» ընկերության պահեստում հայտնաբերված շուրջ 1 տոննա թմրանյութի դեպքից:
Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց՝ ընկերության սեփականատեր, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, ինչպես նաև այլ նախկին պաշտոնյաներ, որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարված, գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, Վահե Ղազարյանին հարցրեց՝ ի՞նչ աշխատանք է տարվում նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:
Վահե Ղազարյան - Երկու օր առաջ մեր հյուրն էր Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ պարոն Խրապովը, այդ հարցի շուրջ մենք բավականին երկար զրույց ենք ունեցել, և դրա մասին, դրա դրական արդյունքների մասին մոտ ժամանակներս մենք կիրազեկենք հասարակությանը:
Անդրանիկ Քոչարյան (ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Պարոն Ղազարյան, շատ կարևոր արձանագրում արեցիք, և ես կարծում եմ` մեր երկիրը լքած զավակները կվերադառնան հայրենիք և իրենց պարտքը կհամարեն` նախաքննական մարմնի հետ էֆեկտիվ աշխատելու արդյունքում կլուծվեն այն խնդիրները, որոնց պատճառով իրենք լքել են մեր հայրենիքը տարբեր ձևեր, նաև տարբեր կապեր օգտագործելով:
Քննարկման ընթացքում պատգամավորներն ու ներքին գործերի նախարարության ղեկավարներն անդրադարձան նաև ոստիկանության պարեկային ծառայությանը: Վահե Ղազարյանը հայտնեց՝ հատկապես մարզերից և գյուղական բնակավայրերից դրական ազդակներ է ստանում պարեկների ծառայության վերաբերյալ: Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանն էլ նշեց՝ նախորդ տարվա դրությամբ ոստիկանությունում ծառայողների 18.4 տոկոսը կին է, նախատեսում են ավելացնել նաև կին պարեկների թիվը:
Արա Ֆիդանյան (ՀՀ ՆԳՆ գլխավոր քարտուղար) - Կարևորելով ոստիկանությունում գենդերային հավասարության ապահովման խնդիրը` մեր առջև հավակնոտ նպատակ ենք դրել՝ Պարեկային ծառայությունում կին ծառայողների թվաքանակը մինչև 2024 թ. ավարտը հասցնել 30%-ի՝ անցկացնելով կին ծառայողների թիրախային ընդունելություն:
Ներքին գործերի նախարարության 2022թ. բյուջեի կատարողականը ներկայացնելիս Արա Ֆիդանյանը հայտնեց՝ նախորդ տարվա բյուջեի ճշտված ծրագրային ցուցանիշը կազմել է 80.9 մլրդ դրամ, ինչը 20.2 տոկոսով գերազանցել է 2021 թվականի արդյունքը:
Հեղինակ` Նորայր Շողիկյան