Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի գործով դատարանում ցուցմունք տվեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը: Ասաց՝ դատավարության մասնակիցներից ճանաչում է միայն Հակոբյանին, որի հետ ոչ մի առնչություն չունի:
Հրանտ Եպիսկոպոսյան (վկա) - Նախկինում որտեղ ես ծառայել եմ` Արշակ Հակոբյանը եղել է Գասպարյան Վլադիմիր թիկնազորի պետը, մի քանի անգամ եկել եմ շենք, ուղեկցել է իր մոտ:
Բարձրաստիճան նախկին սպայի ցուցմունքը վերաբերում էր Ռազմական ոստիկանությունում աշխատելու տարիներին Գասպարյանի կնոջ՝ Սուսաննա Գասպարյանի` աշխատանքի հաճախել-չհաճախելուն: Եպիսկոպոսյանը 2001-2002 թթ. Ռազմական ոստիկանությունում բաժնի պետի տեղակալ է եղել: Ըստ գործի նյութերի՝ այդ տարիներին ռազմական ոստիկանությունում պաշտոն է զբաղեցրել նաև Սուսաննա Գասպարյանը, որը, ըստ մեղադրանքի, թեև աշխատանքի չի հաճախել, բայց աշխատավարձ է ստացել:
Հրանտ Եպիսկոպոսյան - «Սուսաննա Սարդարյան» չեմ ճանաչում, ես բոլորին անուն-ազգանունով չեմ հիշում` ոչ տղաներին, ոչ կանանց: 3 կին է ծառայել, թե դրանցից ով է եղել Սուսաննա Սարդարյանը` ես չգիտեմ, կամ կարող է և չի եղել: Էդ ազգանունով անունով ոչ մեկին չեմ հիշում:
Սարդարյանը, ի դեպ, նախկին ոստիկանապետի երկրորդ կնոջ օրիորդական ազգանունն է: Հանրային մեղադրողի հարցին՝ այդ կանանց մեջ Գասպարյանի կինը կա՞ր, նախկին սպան ասաց՝ երբ ինքը Ռազմականում է աշխատել՝ Գասպարյանի կինը այլ անձ է եղել: Հարցաքննված մյուս վկաներն էլ 1990-ականների կեսերից տարբեր ժամանակահատվածներում աշխատել են Ռազմական ոստիկանությունում:
Հարություն Գուրոյան (վկա) - Առաջին անգամ էդ անուն-ազգանունը ինձ հանդիպել է աշխատավարձների սպայական ցուցակում: Դրանից հետո արդեն լսել եմ, որ տվյալ անձնավորությունը վարչության պետի կինն է:
Վկա Հարություն Գուրոյանն ասաց՝ Ռազմական ոստիկանությունում աշխատել է երկար տարիներ, բայց Սուսաննա Գասպարյանին առայսօր առերես չի հանդիպել: Նույնը պնդեց նաև մյուս վկան՝ ՌՈ նախկին աշխատակից Աղաբեկ Գրիգորյանը:
Աղաբեկ Գրիգորյան (վկա) - Տիկին Սուսաննան էդ ժամանակ իմ համար եթե ծառայեր էլ, լինելու էր սովորական մի անձնավորություն, որովետև հիմա է Գասպարյանի կինը, էն ժամանակ իմ համար մի ուրիշ կին աշխատող է եղել, ես էդ ժամանակ չեմ էլ իմացել, որ տիկին Սուսաննա կա Գասպարյանի կյանքում:
Նիստի ընթացքում հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալ Արշակ Հակոբյանը, նշեց՝ չի հասկանում, թե ինչում են իրեն մեղադրում:
Արշակ Հակոբյան (ամբաստանյալ) - Պարոն Գասպարյանը շատ խիստ, պահանջկոտ ղեկավար է եղել, որին ես ճանաչում եմ։ Հիմա, ասենք, մի կոոպերատիվի նախագահը, որ իր բանվորին կանչի, ասի՝ խանութից բան առ բեր, ասի՝ հլը մի վայրկյան, էս փողը քեզ որտեղի՞ց։ Իսկ որտե՞ղ ա գրված, որ ես հանրապետության ոստիկանապետին իրավունք ունեմ հարցնելու` էդ փողերը քեզ որտեղից, նոր` տուր, գնամ, ավտո առնեմ, ուր մնաց տիկին Սուսաննայի փողերից տեղյակ լինեմ:
Ըստ մեղադրանքի՝ Սուսաննա Գասպարյանին փոխանցված ապօրինի վարձատրության գումարով նախկին ոստիկանապետի հանձնարարությամբ Արշակ Հակոբյանը ձեռք է բերել 2 ավտոմեքենա՝ օժանդակելով փողերի լվացմանը: Այս գործով պետք է հարցաքննվեր նաև Եղվարդի ոստիկանապետ Ռուբեն Ներսիսյանը, որը, սակայն, նիստին չէր ներկայացել: Դատարանը որոշեց դիմել ոստիկանության պետին՝ նրա ներկայությունը մյուս նիստին ապահովելու համար:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան