Հայաստանում ավտոմեքենաների ներմուծման ու վաճառքի կամ արտահանման կեղծ գործարքների շարան է բացահայտվել։ Այս մասին ԱԺ-ում 2022-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով վերջերս ՊԵԿ-ի բացահայտումներով հարուցված քրգործին։
«Իրավաբանական անձանց միջոցով ֆիզիկական անձն աճուրդով գնում է մեքենա, բայց իրավաբանական անձը, հանդես գալով զուտ որպես միջնորդ, ձևակերպում է այդ մեքենան՝ որպես սեփական ներմուծում, և վճարված ԱԱՀ-ն բնականաբար ընկնում է արդեն ընդհանուր կարգավորումների դաշտ, ըստ որի՝ ինքը վերադարձի իրավունք ունի։ Բայց իրականում մեքենայի համար վճարել է ֆիզիկական անձը, ինքը ի սկզբանե գինը պայմանավորվել է, այսինքն՝ կարելի է ասել՝ կեղծ գործարքների շարան ունենք ներմուծման, այնուհետև վաճառքի ձևակերպման կամ արտահանման»,- ասաց Բադասյանը։
Ըստ ՊԵԿ նախագահի՝ նման կեղծ գործարքներից խուսափելու համար մտածում են օրենսդրական նոր կարգավորումներ անել:
«Մտածում ենք օրենսդրական փոփոխության շուրջ, որ ֆիզիկական անձին խրախուսենք, որպեսզի ֆիզիկական անձը, թեև մաքսատուրքի չափը մեծ է (քեշբեքի համակարգով կլինի, թե այլ միջոցառման շրջանակում), խրախուսենք, որ միջնորդ օղակներից չօգտվեն, և իրենք իրենց համար մեքենաները ներմուծեն, և մաքսատուրքը վճարեն, պետությունն էլ օգնողի դերում լինի, որ այս խնդիրները չառաջանան»,- ասաց նա և հավելեց, որ կարգավորումներ են նախատեսվում նաև ԱԱՀ-ի մասով:
Հիշեցնենք, որ, հանցավոր սխեմայի համաձայն՝ ֆիզիկական անձանց հնարավորություն է ընձեռվել իրենց ֆինանսական միջոցներով արտերկրից տրանսպորտային միջոցների ձեռքբերումն իրականացնել «Ավտոներկրողներ» և «Ավտոներկրողների միություն» ՍՊԸ–ների անվամբ, ինչի արդյունքում ֆիզիկական անձը տրանսպորտային միջոցի մաքսազերծման համար անհամեմատ քիչ հարկ է վճարել, իսկ ընկերությունը փաստացի կարողացել է հետ ստանալ տրանսպորտային միջոցի մաքսազերծման համար ֆիզիկական անձանց վճարած ԱԱՀ-ի գումարը, որը, սակայն, ֆիզիկական անձանց կողմից կատարված լինելու դեպքում վերադարձման ենթակա չէ: Նմանատիպ համաձայնության շնորհիվ ֆիզիկական անձանց կողմից տարբեր երկրներից հիշյալ ընկերությունների անվամբ ներկրվել է մոտ 7452 տրանսպորտային միջոց, որից 3433-ն արտահանվել է ԵԱՏՄ երկրներ: