Ճանապարհաշինության ոլորտում 2022-ին ճշտված բյուջեն 90,4 միլիարդ է եղել, որից իրացվել է 83 միլիարդը կամ 92 տոկոսը: Այդ մասին ԱԺ-ում 2022-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով այդ ոլորտում նախորդ տարվա աշխատանքների ամփոփ տվյալները:
«Հիմնական ցուցանիշը, իհարկե, 531 կիլոմետր ճանապարհի կառուցումը, վերանորոգումը, հիմնանորոգումը կամ միջին նորոգումն է եղել, և այս 531 կիլոմետրի բացվածքը հետևյալն է. շուրջ 301,5 կիլոմետրը հիմնանորոգումներն են միջպետական, հանրապետական, տեղական ճանապարհների, 131 կիլոմետրը միջին նորոգում է, և 76,8 կիլոմետրը միջազգային տարբեր ծրագրերով իրականացված աշխատանքներն են, որոնց մեջ Հյուսիս-հարավն է, Մ6-ն է (Վանաձոր-Ալավերդու այն հատվածը, որը նախորդ տարի է իրականացվել):
Ունենք կենսական նշանակության ճանապարհների ծրագիր, որը նախորդ տարի իրականացրել ենք ու ավարտել ենք ծրագիրը, փակել ենք: Եվ ունենք, այսպես կոչված, «սև կետերի» ծրագիր, որտեղ տարբեր միջոցառումներ են իրականացվում ճանապարհների անվտանգության բարելավման հետ կապված»,- ասաց նախարարը: