Ոստիկանությունը կարևորում է համակարգում գենդերային հավասարության ապահովման խնդիրը: Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով պարեկային ծառայությունում իգական սեռի ներկայացուցիչների ներգրավման խնդրին:
«Կարևորելով ոստիկանությունում գենդերային հավասարության ապահովման խնդիրը՝ մեր առջև հավակնոտ նպատակ ենք դրել Պարեկային ծառայությունում կին ծառայողների թվաքանակը մինչև 2024 թվականի ավարտը հասցնել 30 տոկոսի՝ անցկացնելով կին ծառայողների թիրախային ընդունելություն»,- ասաց նա և հավելեց, որ այս համատեքստում մեկնարկել է «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավ, որին միացել են ՀՀ օմբուդսմենը և այլ հայտնի կանայք:
Կանանց նպատակային ընդունելությանն ընդառաջ նախաձեռնվել է նաև առցանց նախագրանցման գործընթաց, որի նպատակը դիմելիության խոչընդոտները վերացնելն է:
«Պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու համար արդեն նախագրանցվել է 532 կին, որոնց հետ անցկացվել են հանդիպումների շարք՝ քննարկելու համար վերջիններիս հուզող և Պարեկային ծառայությունում ընդունելության հետագա ընթացքի հետ կապված հարցեր»,- ասաց Ֆիդանյանը: