82-ին կառուցված նախկին գիտահետազոտական կենտրոնի շենքում շուտով կտեղակայվի Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը: Շինաշխատանքներն ընթացքի մեջ են, շտապում են՝ ժամկետին հասցնելու համար: Գործադիրը որոշել է՝ Հակակոռուպցիոնի երկրորդ ատյանը կգործարկվի ոչ թե 2024-ի հունվարի 1-ից, այլ այս տարի՝ հուլիսի 15-ից:
Լևոն Բալյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Կես տարով առաջ է գալիս ժամկետը:
Ժամկետն առաջ բերելը, բացատրում է արդարադատության փոխնախարարը, պայմանավորված է աշխատանքների ինտենսիվ ընթացքով: Արա Սարգսյան 5 հասցեում նոր դատարան ունենալը, Բալյանի խոսքով, հրատապ է նաև գործերի քննության լիարժեք ընթացքը ապահովելու համար: Հիշեցնում է՝ մասնագիտացված դատարանի առաջին ատյանն արդեն գործում է, Վճռաբեկի կազմում էլ կա ձևավորված պալատ ու միայն վերաքննիչի օղակը:
Լևոն Բալյան - Հաշվի առնելով, որ կան արդեն քննվող գործեր, որոնք կարող են բողոքարկվել, կարող են վերաքննության հարցեր առաջացնել, նաև դրանով է պայմանավորված այդ ժամկետի առաջ բերումը:
Հինգհարկանի շինությունը կունենա չորս դահլիճ, նկուղային հարկում էլ՝ դատապարտյալների ու կալանավորների համար պահման խցեր: Բակի կողմից պարիսպ կկառուցվի՝ անվտանգության նպատակով: Փոխնախարարի խոսքով՝ այն միջազգային չափորոշիչներին համապատասխան կլինի:
Լևոն Բալյան - Ինքը առանձին դատարան է և պետք է առանձնացված լինի իր ամբողջ կազմով, եթե դրա հնարավորությունը ունենք, իսկ էս դեպքում, փառք Աստծո, ունենք, և ընդհանուր առմամբ մոտեցումն այսպիսին է՝ մենք պետք է բոլոր դատարաններում հասնենք նրանք, որ ունենանք նոր՝ միջազգային չափորոշիչների համապատասխանող դատարաններ, նիստերի դահլիճներ, դատավորների համար, աշխատակազմերի համար համապատասխան աշխատասենյակներ:
Շինարարության ավարտին զուգահեռ կլուծվի նաև աշխատակազմի հարցը: Հակակոռուպցիոն վերաքննիչը 12 դատավոր է ունենալու:
Լևոն Բալյան - Քրեական դատարանից կազմեր են տեղափոխվելու, այսինքն՝ գործող դատավորները իրենց կազմով տեղափոխվելու են Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան:
2021-ից մեկնարկած շինարարության արժեքը 559 միլիոն է, այն մասամբ պետբյուջեից, մասամբ էլ՝ դատական բարեփոխումների համար տրամադրված ԵՄ աջակցության ֆոնդից է ֆինանսավորվում: Ժամկետները տեղափոխելու նախագիծն արդեն արժանացել է գործադիրի հավանությանը, ուղարկվել խորհրդարան: