ՄՈՍԿՎԱՆ ԵՄ-ԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ Է ՈՉ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ. ԼԱՎՐՈՎ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան Եվրամիությունը դիտարկում է որպես ոչ բարեկամական միավորում։ Այս մասին նա ասել է "Аргументы и факты" թերթին տված հարցազրույցում։ «Եվրամիությունը «կորցրեց» Ռուսաստանը, և դրա մեղավորը կառույցն է։ Ի վերջո, հենց ԵՄ անդամ երկրներն ու հենց Միության ղեկավարներն են բացահայտ հայտարարում Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու անհրաժեշտության մասին: Այս պատճառով մենք ԵՄ-ն դիտարկում ենք որպես ոչ բարեկամական միավորում»,- ասել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը:Լավրովը նաև նշել է, որ ԵՄ-ն Ուկրաինային զենք է տալիս, ինչպես նաև հրահանգիչներ և վարձկաններ է ուղարկում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը համապատասխան եզրակացություններ է արել և «անհրաժեշտության դեպքում կոշտ» կգործի։
ԱԼԻ ԱՍՂԱՐ ԽԱՋԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ Է
Իրանի ԱԳ նախարարի ավագ խորհրդական Ալի Ասղար Խաջիի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Իրան, Ռուսաստան, Սիրիա և Թուրքիա փոխարտգործնախարարների քառակողմ հանդիպմանը։ Ասղար Խաջին քառակողմ հանդիպման շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցչի հետ, քննարկել Սիրիայում և տարածաշրջանում վերջին զարգացումները։ Հանդիպմանը կողմերն ընդգծել են Դամասկոսի և Անկարայի միջև առկա խնդիրները խաղաղ և քաղաքական բանակցությունների միջոցով լուծելու անհրաժեշտությունը:
ԻՍՐԱՅԵԼՆ ԱՎԻԱՀԱՐՎԱԾՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ ՍԻՐԻԱՅԻ ՏԱՐԱԾՔԻՆ
Իսրայելը մեկ շաբաթվա ընթացքում արդեն չորրորդ անգամ հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին: Գիշերը Դամասկոսի մերձակայքում իրականացված ավիահարվածների հետևանքով 2 քաղաքացիական անձ է զոհվել: Նշվում է, որ հարվածներ են հասցվել Դամասկոսից հարավ գտնվող ալ Քիսվահ քաղաքի, ինչպես նաև Ջեբել էլ Մանիայի ուղղությամբ: Լրատվամիջոցները հայտնում են, որ նախքան Սիրիային ավիահարվածներ հասցնելու մասին հաղորդումները Իսրայելի պաշտպանության բանակը խոցել էր ենթադրաբար իրանական ԱԹՍ, որը Սիրիայից ներթափանցել էր Իսրայելի տարածք:
ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԵՄ-ԱՄՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում են՝ մասնակցելու ԵՄ-ԱՄՆ էներգետիկ խորհրդի հանդիպմանը: ԵՄ-ն և Միացյալ Նահանգները հավատարիմ են Փարիզի համաձայնագրի նպատակներին հասնելու պայմանավորվածությանը: Էներգետիկ անվտանգության հարցերով ԵՄ-ԱՄՆ աշխատանքային խումբը ստեղծվել է ԵՄ-ի կախվածությունը ռուսական էներգետիկ մատակարարումներից նվազեցնելու և դրանից հետո մաքուր էներգիային գլոբալ անցումը արագացնելու համատեղ հանձնառության շրջանակում:
ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐՈՒՄ ԳՆԱՑՔԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ԳԾԵՐԻՑ
Նիդերլանդներում գծերից գնացք է դուրս եկել. առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս 30-ը տուժել։ «Միջադեպը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը մոտ 03.30-ին Հարավային Հոլանդիայի նահանգում՝ Վոորսհոթեն գյուղի մոտ: Տուժածների մեծ մասին օգնություն ցուցաբերվել է տեղում։ Ավելի լուրջ վնասվածքներ ստացածները տեղափոխվել են հիվանդանոց։