Արտահերթ ընտրություններ Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքներում. այսօր քարոզարշավի 3-րդ օրն է:
Սրանք այն համայնքներն են, որոնք նախորդ տարի կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո ավագանի չձևավորեցին և համայնքի ղեկավար չընտրեցին: Անի համայնքում իշխանության գալու համար չորս քաղաքական ուժ է պայքարում՝ ներկայումս իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», Անիի նախկին համայնքապետի առաջնորդած «Ազգ-համայնք» դաշինքը, «Իմ հզոր համայնք» և «Հայկական երազանք» կուսակցությունները։
Այս ուժերից երեքը նախորդ ընտրություններին էլ մասնակցել են, պայքարին նոր է միացել միայն «Իմ հզոր համայնքը»:
Նախորդ տարի սեպտեմբերի 25-ին կայացած ընտրություններում Անիում ամենաշատ ձայնը հավաքել էր համայնքը 18 տարի ղեկավարած Արտակ Գևորգյանը՝ ձայների 49 տոկոսը հավաքելով, սակայն իշխանության գալու համար ավագանու 3 անդամի ձայն էր պակասում: «Հայկական երազանքի» և «Քաղաքացիական պայմանագրի» անդամները բոյկոտեցին ավագանու նիստերը, և համայնքապետ չընտրվեց: Օրենքի ուժով վարչապետն Անի խոշորացված համայնքի ժամանակավոր ղեկավար նշանակեց տեղական ընտրություններում պարտված իր կուսակից Արման Սարիբեկյանին։
Ցուցակները գլխավորում են՝ «Քաղաքացիական պայմանագիր»՝ Արման Սարիբեկյան, «Ազգ-համայնք» դաշինք՝ Արտակ Գևորգյան, «Հայկական երազանք»՝ Ագուն Սաղաթելյան, «Իմ հզոր համայնք»՝ Արմենակ Նաջարյան, որը նախորդ ընտրություններում «Ազգ-համայնքի» 2-րդ համարն էր:
Նույն պատկերն է նաև Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում:
Նախորդ ընտրությունններին առաջատար էր «Քաղաքացիական պայմանագիրը», սակայն 50+1 ձայներ չհավաքելու հիմքով նա համայնքի ղեկավար չդարձավ:
Ընտրական շեմն անցած «Աշխատանք և արդարություն» դաշինքը, «Ապրելու երկիր», «Մեկ Հայաստան» կուսակցությունների ավագանու անդամներն ու թեկնածուները հրաժարվեցին մանդատներից, ու 21 անդամից ավագանու կազմում մնացին 10-ը:
Սիսիանում էլ համայնքի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց կառավարող ուժի անդամ ՔՊ ցուցակը գլխավորող Արմեն Հակոբջանյանը: Արտահերթ ընտրություններին պայքարում են նախկին ու ներկա իշխանության ներկայացուցիչները:
Ընտրություններին կմասնակցեն «Քաղաքացիական պայմանագիրը», Հանրապետական կուսակցությունը, նաև «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:
Այս անգամ էլ ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Արմեն Հակոբջանյանը, Հանրապետականինը՝ Ջիվան Մարգարյանը, Ավագ Ասատրյանն էլ «Քաղաքացու որոշման» թեկնածուն է:
Ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածը մարտի 1-24-ն է, իսկ քվեարկությունները կկայանան մարտի 26-ին:
Հեղինակ՝ Անի Օհանյան