2022 թվականին օտարվել է 20.7 մլրդ դրամի պետական 16 գույք: Մասնավորեցման ենթակա 25 անշարժ գույք էլ դեռ առկա է: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմը վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել է 2022-ի գործունեության հաշվետվությունը, ըստ որի՝ անցած տարվա ընթացքում զգալիորեն ավելացել է մասնավորեցման ենթակա պետական գույքի նկատմամբ պահանջարկը: Մասնավոր ներդրողները պարտավորվել են հստակ ժամկետներում իրականացնել 84 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր:
Վարձակալության տրված պետական գույքի դիմաց 2022-ին հավաքագրվել և պետբյուջե է վճարվել 11 մլրդ դրամ, 2021-ի համեմատ 200 տոկոսով ավելի է: Հաշվետու ժամանակահատվածում օտարման է ներկայացվել տրանսպորտային 220 միջոց, որից օտարվել են 101-ը:
Անդրադարձ է կատարվել նաև ոլորտում իրականացված համակարգային բարեփոխումներին, պետական գույքի անհատույց օգտագործման, ներդրումային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության, պետական գույքի վարձակալության ոլորտներում իրականացված փոփոխություններին, խոսվել է էլեկտրոնային աճուրդի համակարգի ներդրման, գույքի ներդրմամբ պետական ընկերություններ ստեղծելու աշխատանքների մասին:
Պետական գերատեսչությունները վարձակալված տարածքներից պետական շինություններ տեղափոխելու արդյունքում ակնկալվում է խնայել ավելի քան 300 մլն դրամ:
Քննարկվել են նաև այս տարվա անելիքները: 2023-ին Պետական գույքի կառավարման կոմիտեին է ամրացվելու տրանսպորտային ևս 654 միջոց, 500-ը՝ օտարման ենթակա: Առաջին ամսվա ընթացքում արդեն օտարվել է 60 տրանսպորտային միջոց:
«Հիմնական խնդիրը գույքի արդյունավետ օգտագործումն է»,- ասել է վարչապետը, հանձնարարել մշակել առանձին հարթակ, որտեղ ներկայացված կլինի մասնավորեցման ենթակա պետական անշարժ գույքը:
Հեղինակ` Լուսինե Գրիգորյան