Ռազմական դրության ընթացքում տեղեկության տարածման սահմանափակումներ մտցնելու օրենքի նախագիծը մտահոգել է մեդիաոլորտի մասնագետներին: Արդարադատության նախարարության կազմակերպած քննարկմանը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց՝ նախագծով հստակեցված չէ, թե որ դեպքում է կասեցվելու լրատվամիջոցների, կայքերի կամ տեղեկություն տարածող այլ հարթակների գործունեությունը:
Աշոտ Մելիքյան (Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ) - Երբ խոսքը ինտերնետի մասնակի կամ ամբողջական արգելափակման մասին է, երբ խոսքը տարատեսակ կայքերի կամ նյութերի կամ հավելվածների արգելափակման մասին է, ապա այստեղ ինձ համար ակնհայտ է, որ կամայականությունների և չարաշահումների հնարավորությունները կան:
Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը հակադարձեց՝ օրենքի նախագիծը չի բացառում լրատվամիջոցների աշխատանքը ռազմական դրության ժամանակ:
Արմենուհի Հարությունյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Օրենքն ասում է, որ լրատվամիջոցները պետք է անպայման հայտարարագրվեն, համապատասխան հավատարմագրում ունեցող լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան իրենց մասնագիտական գործառույթներն իրականացնելու, և իրենց գործունեությանը խոչընդոտելու նպատակ այս օրենքը չի նախատեսում:
Օրենքի նախագիծը կազմվել է՝ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի և 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի փորձը, հայտնեց Հարությունյանը՝ ընդգծելով նաև հասարակության մեդիագրագիտության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությունը:
Արմենուհի Հարությունյան - Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ ցանկացած նկար անելը, թեկուզ իրենց տան բակից, առավել ևս՝ ռազմական գործողությունների վայրից, և համացանցում դրանք ներբեռնելը կարող են կյանքեր արժենալ և արժեցել է։ Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ, այո՛, ռազմական դրության ժամանակ սահմանափակվում են բոլոր իրավունքները և շատ իրավունքներ, որովհետև չի կարելի այդ իրավունքները գերադասել կյանքի իրավունքից:
Զարուհի Բաթոյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Տեղեկատվությունը պարզապես ինքնանպատակ չէ: Տեղեկատվությունը քաղաքացիների պաշտպանության համար է: Եվ այս կոնտեքստում մենք պետք է նույն կերպ դիտարկենք տեղեկատվության տարածումը կամ դրա սահմանափակումը՝ որքանով է այն ռազմական դրության ընթացքում անհրաժեշտ` քաղաքացիներին պաշտպանելու, պետական անվտանգությունը պաշտպանելու համար:
Օրենքի նախագծի ընդունման դեպքում սահմանափակումներ կիրառելու իրավասություն ունեցող մարմիններին կորոշի կառավարությունը, իսկ ռազմական դրության ժամանակ ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնող օգտատերերին կհակազդի Ազգային անվտանգության ծառայությունը:
Հեղինակ` Նորայր Շողիկյան