Մելիքգյուղն իր պատմության մեջ առաջին անգամ կունենա կապույտ վառելիք: Արագածոտնի մարզի այս գյուղը գազիֆիկացվել է սուբվենցիոն ծրագրով, որի 60 տոկոսը պետությունն է հատկացրել, 40-ը՝ Ապարան խոշորացված համայնքը: Գազատարի ընդհանուր երկարությունը 14 կիլոմետր է, որից 6,5 կիլոմետրը` գյուղամիջյան, 7,5-ը բարձր ճնշման խողովակներն են:
Հարություն Գուլյան (Արագածոտնի մարզպետի տեղակալ) - Համայնք և պետություն համագործակցության արդյունքում կատարվել են գազիֆիկացման աշխատանքներ, ծրագրի ընդհանուր արժեքը 170 միլիոն է: Ծրագրով այնպես է, որ քայլ առ քայլ բոլոր գյուղերը պետք է գազիֆիկացվեն: Մենք ուզում ենք ծրագրում ներառել նաև դպրոցը, որ միջնակարգ դպրոցը նույնպես գազիֆիկացվի, որովհետև մեր գազի խողովակը մոտ 100 մետր հեռավորության վրա է:
Մոտ 1100 բնակիչ ունեցող Մելիքգյուղում երկար էին սպասել կապույտ վառելիքին: Մինչև գարուն ընդունման-հանձնման աշխատանքները կավարտեն, ցանցը կհանձնեն «Գազպրոմ Արմենիային», որից հետո բնակիչները կկարողանան բաժանորդ դառնալ: Համայնքապետարանում արդեն 80 ընտանիք հերթագրվել է:
Ալվարդ Կակոյան (Մելիքգյուղի բնակիչ) - Մեր գյուղը շատ անտեսված էր, շատ: Այսպես որ գնա, գյուղը կծաղկի. աթար էինք առնում, փայտ էինք բերում, որ կարենայինք տաքացնենք տունը, էն ժամանակ չկար, չէինք կարում: Հիմա գազն էլ եղավ, ամեն ինչ լավ կլինի, երևի, ինձ կթվա՝ գյուղի երիտասարդությունը գյուղում կմնա, ամեն ինչ լավ կլինի:
Ռուբիկ Մադաթյան (Մելիքգյուղի բնակիչ) - Ամեն դեպքում չէ, որ գյուղացիները բոլորը կարողանան վառել, տաքացնել տները, բայց ամեն դեպքում էն սովետի գազի բալոնները չենք առնի, վազի ավտոյի հետևից:
Բացի գազիֆիկացումից՝ Մելիքգյուղում պետական միջոցներով ասֆալտապատվել են նաև փողոցները. 522 միլոն դրամ է հատկացվել գյուղամիջյան փողոցները բարեկարգելու համար: Համայնքի միջոցներով կառուցվել է նաև 1,6 կիլոմետր երկարությամբ ջրահեռացման համակարգ, մաքրվել են սելավատարները: Գյուղի թաղամասերից մեկում խմելու նոր ջրագիծ է կառուցվել, առաջին անգամ ներդրվել աղբահանության համակարգ:
Մելիք Քոչարյան (Մելիքգյուղի վարչական ղեկավար) - 5-ամյա ծրագիրը ձևավորվեց, և առաջնահերթություն դրվեց գազիֆիկացումը: Կային հեռացողներ մինչև ասֆալտապատումը, մինչև էս գազատարի անցկացումը, հիմա հուսով ենք` մի քիչ բարելավվեց ապրելակերպը, բնակիչներն արդեն կմնան, էլի: Դե, աշխատատեղ որ ստեղծենք, լավ կլինի, ինձ թվում է` չեն բացակայի գյուղից, կապրեն:
Մելիքգյուղի վարչական ղեկավարը համայնքների խոշորացումը դրական է գնահատում, ասում է՝ նախկինում քիչ բյուջեով հնարավորություն չեն ունեցել խոշոր ծրագրեր իրականացնել: Երբ հաջողված ծրագրեր ունեն, մտածում են գյուղը զարգացնելու մասին: