Շտապօգնության ծառայության բարելավման ռազմավարությամբ նախատեսվում է, որ հանրապետությունում կներդրվի նոր մոդել. կգործի միասնական շտապօգնություն՝ Երևանում ու մարզերում: Ծրագրի ավարտը նախատեսված է 2025 թվականին:
Արմեն Նազարյան (ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ) - Մինչ այդ նախատեսված են մի շարք միջոցառումներ: Այդ միջոցառումները միտված են լինելու շտապօգնության ամբողջական վերլուծությանը, գնահատմանը, դիսպետչերական ծառայության բովանդակության վերանայմանը ամբողջությամբ, կրթական և շարունակական մասնագիտական ծրագրերի ներդրմանը, ինչպես նաև շտապօգնության կանչերի թվայնացմանը:
Կանչերն ընդունող, մշակող ու շտապօգնության անձնակազմին փոխանցող դիսպետչերը այդ վերապատրաստումների արդյունքում պետք է կարողանա գնահատել կանչի հրատապությունը կամ առհասարակ դա սպասարկելու անհրաժեշտությունը և ըստ այդմ էլ ուղղորդի շտապօգնության անձնակազմին: Փորձը ցույց է տալիս՝ քաղաքացիները հաճախ շտապօգնություն են կանչում՝ ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններ դիմելու փոխարեն:
Արմեն Նազարյան - Շատ հաճախ լինում են կանչեր, երբ քաղաքացին ուղղակի ընթացիկ սպասարկման համար է դիմում կամ ընթացիկ քրոնիկական բուժման համար, եթե նա ունի հերթական ներարկումը, շտապօգնության կանչի միջոցով է դա իրականացնում:
Առողջապահության նախարարի տեղակալը նշում է՝ մարզերում շտապօգնության բրիգադների թիվը համապատասխանում է ըստ բնակչության քանակի մշակված չափորոշիչներին, ու եթե սպասարկման խնդիրներ են առաջանում, պատճառն այլ տեղ է:
Արմեն Նազարյան - Այստեղ խնդիրը զուտ սպասարկման հեռավորությանն է վերաբերում: Շատ հաճախ մեկ շտապօգնությունը սպասարկում է մի տարածք, որն ավելի մոտ է մեկ այլ շտապօգնությանը, բայց, հաշվի առնելով, որ գործող համակարգն ունի կցագրման սկզբունք, սպասարկումն իրականացվում է հենց այդ կցագրման սկզբունքով:
Նոր՝ միասնական մոդելի դեպքում սպասարկումը կլինի ոչ թե կցագրման, այլ ավելի մոտ կանչի սկզբունքով: Արդյունքում հնարավոր կլինի կրճատել կանչի սպասարկման և ժամանակահատվածը և տարածությունը:
Հեղինակ` Աննա Զախարյան