Կառավարությունը Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին հատկացրեց 1 միլիարդ 412 միլիոն դրամ՝ 25 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար:
«25 ծրագրից 19-ը 2022 թվականի ծրագրեր են: Ըստ մարզերի՝ բաշխվածությունը հետևյալն է՝ Արագածոտնի մարզի 1 ծրագրի համար 3.5 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզի 1 ծրագրի համար՝ 81.5 միլիոն դրամ, Լոռու մարզի 2 ծրագրի համար՝ 30 միլիոն դրամ, Կոտայքի մարզի 10 ծրագրի համար 185 միլիոն դրամ, Շիրակի մարզի 4 ծրագրի համար՝ 548 միլիոն դրամ, Սյունիքի մարզի 4 ծրագրի համար՝ 198 միլիոն դրամ, Տավուշի մարզի 3 ծրագրի համար՝ 366 միլիոն դրամ»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Փոխվարչապետը ներկայացրեց սուբվենցիոն ծրագրերը: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Ավան բնակավայրում իրականացվել են 8000 գծմ խմելու ջրագծի ցանցի հիմնանորոգման և քայքայված հատվածների փոխարինման, Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրում ոռոգման համակարգի նորոգման, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Նոր Խաչակապ բնակավայրի ոռոգման ցանցի վերանորոգման աշխատանքներ, Կոտայքի մարզի Ակունք համայնքի համար ձեռք է բերվել բազմաֆունկցիոնալ ճանապարհային մեքենա, Զառ բնակավայրում իրականացվել են ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքներ, Շիրակի մարզի Աշոցք բնակավայրում կառուցվել է 3730 քմ մակերեսով պուրակ, Գյումրի համայնքի համար ձեռք է բերվել բազմաֆունկցիոնալ տեխնիկա, Շիրակ բնակավայրում կառուցվել է 2 խմբասենյակով 46 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ, Գյումրի համայնքին պատկանող շենքերի, շինությունների վրա տեղադրվել է 49 արևային համակարգ, Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Ծղուկ բնակավայրում իրականացվել են վարչական շենքի և նախակրթարանի վերանորոգման աշխատանքներ, հիմնանորոգվել է Գորայք բնակավայրի «Սպիտակ տուն», «Ծաղկունք» աղբյուրներից սնող ջրագծի խողովակաշարը, Տավուշի մարզի Բերդ համայնքի սահմանապահ Չինարի, Այգեպար, Մովսես, Պառավաքար, Այգեձոր և Չորաթան բնակավայրերում կառուցվել է գիշերային լուսավորության ցանց, մասնակի վերանորոգվել են Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան, Բագրատաշեն և Կողբ բնակավայրերի մշակույթի տները: