2022-ին էներգաարդյունավետ նորոգման համար տրվող մատչելի վարկային միջոցների բյուջեն գրեթե եռապատկվել է՝ կազմելով մոտ 9 մլրդ դրամ: Ազգային հիփոթեքային ընկերությունը այդ նպատակով վերաֆինանսավորել է ավելի քան 14 հազար վարկ: Ընդհանուր առմամբ՝ տարեկան կխնայվի մոտ 60 մլն կվտ ժամ հոսանք, նաև էականորեն կկրճատվեն ջերմոցային գազերի արտանետումները:
Էդմոնդ Վարդումյան («Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն) - Եթե, օրինակ, 2020-21 թվականներին վերաֆինանսավորման ծավալը էներգաարդյունավետ վարկերի տարեկան 3.5 մլրդ էր, ապա 2022 թվականին մոտավորապես 9 մլրդ է կազմել:
Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ նորոգման վարկերի «Իմ տանիքը» և «Ջերմ օջախ» անունները կրող 2 ծրագրով Ազգային հիփոթեքային ընկերությունը վերաֆինանսավորել է ավելի քան 14 հազար վարկ: Ծրագրերն իրականացվում են մի քանի տարի՝ Եվրամիության, Ֆրանսիայի Զարգացման գործակալության և գերմանական KFW բանկի հետ գործակցությամբ. առավել ակտիվ է եղել 2022-ը:
Էդմոնդ Վարդումյան - Մեր ծրագրերի շրջանակներում հստակ սահմանված են այն միջոցառումները, որոնք համարվում են էներգաարդյունավետ: Օրինակ՝ արտաքին պատերի ջերմամեկուսացումը, տանիքի ջերմամեկուսացումը, արևային ֆոտովոլտային համակարգերի ներդրումը, արևային ջրատաքացուցիչների ներդրումը, այսինքն` ցանկը հստակ սահմանված է ու նաև այն նվազագույն պարամետրերը, որոնց պետք է բավարարի միջոցառումը, որպեսզի համարվի էներգաարդյունավետ:
Շահառուները դիմում են բանկ, բանկը վարկը տրամադրում է Ազգային հիփոթեքային ընկերության ծրագրերից մեկի շրջանակում, այնուհետև հայտը ուղարկում հիփոթեքային ընկերություն, որը ևս մեկ անգամ ստուգելուց հետո իրականացնում է վերաֆինանսավորումը:
Էդմոնդ Վարդումյան - Էներգախնայողության դեպքում տոկոսադրույքը շուկայականից ավելի մատչելի է ու նաև ավելի մատչելի է մեր ստանդարտ ծրագրերի համեմատ: Սա առաջին օգուտն է, որ ստանում է շահառուն: Բայց էներգախնայող ձեռքբերման, վերանորոգման և կառուցապատման դեպքում կան նաև այլ տիպի օգուտներ, որ շահառուն ստանում է ապագայում, մասնավորապես՝ տան արժեքի բարձրացումը, ավելի քիչ կոմունալ վճարումները:
Էներգաարդյունավետ վերանորոգման վարկերի շուկան վերջին տարիներին մեծ զարգացում է ապրում, նշում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը:
Արտակ Մանուկյան (ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ) - Իհարկե, դա մի կողմից պայմանավորված է ընդհանրապես կառուցապատման և այս ոլորտում տիրող բավականաչափ դրական մոդելներով, բայց նաև անուղղակի գործիքներ կան, որոնք որ շուկայի տարբեր խաղացողներն ըստ էության ներկայացնում են, և հաճախորդները, հասկանալով դրա կարևորությունը, սկսում են էլ ավելի կարևորել էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կիրառումը: Մասնավորապես դրանցից է էներգետիկ անձնագրերի առկայությունը, որն իրենով որպես գործիք նաև նպաստում է նրան, որ այդ տան արժեքը բարձրանա:
Ազգային հիփոթեքային ընկերության հաշվարկով՝ էներգաարդյունավետ միջոցառումների արդյունքում խնայողությունը տարեկան մոտ 60 մլն կվտ ժամ է, իսկ ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը՝ տարեկան մոտ 22 հազար տոննա: Արտակ Մանուկյանն էլ նշում է՝ այս ցուցանիշներն առաջիկայում կարող են աճել:
Արտակ Մանուկյան - ՀՀ-ում քանի որ էս մասով հզորությունների թերբեռնվածություն կա, ակնհայտ է, որ բավականաչափ մեծ աճի միտումներ կան, որովհետև դեռևս գտնվում ենք սաղմնային փուլում:
Էներգաարդյունավետ նորոգման վարկերի պայմաններին և հաշվարկներին ծանոթանալու համար քաղաքացիները կարող են այցելել Ազգային հիփոթեքային ընկերության կայքէջ:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան