Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելություն իրականացնող տեխնիկական խմբի հետ, քաղաքացիական առաքելության այցը սպասվում է փետրվարին: Հանդիպմանը քննարկել են այն աշխատանքը, որն անհրաժեշտ է մշտադիտարկողների տեղակայման համար: Մարզպետը դրական գնահատեց ԵՄ առաջին առաքելության ներկայությունը, որի շնորհիվ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերը նվազել են:
Կարեն Սարգսյան (Գեղարքունիքի մարզպետ) - Այնուամենայնիվ, պասիվությունը նկատվում է՝ նախորդ 2 ամսում իրենց կազմակերպած ծառայության ժամանակահատվածում: Մենք դրական են գնահատում նրանց ներկայությունը:
ՍՈԹՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍԻԱՅԻՑ ՏՈՒԺԱԾ 14 ՏՈՒՆ Է ՄՆԱՑԵԼ ՉՆՈՐՈԳՎԱԾ
Մարզպետը նաև պարզաբանեց, որ սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Սոթքում չնորոգված 14 տուն է մնացել, որոշների դեպքում աշխատանքը շարունակվում է:
Կարեն Սարգսյան - Հիմնականում չվերանորոգված են մնացել այն բնակարանների վնասները, որտեղ մարդիկ չեն ապրում կամ վերցրել գումարները և չեն ծախսել վնասի վերականգնման ուղղությամբ, ունենք երկու ընտանիք, որոնք Հայաստանից դուրս են:
Կարեն Սարգսյանը խոսեց նաև հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասի հրդեհի մասին: Նա ականատես է եղել հրդեհի մարմանը, սակայն մեկնաբանեց, թե ինչ վիճակում են հայտնաբերվել զոհված 15 զինծառայողները:
Կարեն Սարգսյան - Դրա մասին այն, ինչ խոսում են ոչ տեղյակ մարդիկ, չի համապատասխանում իրականությանը, թողնենք՝ նախաքննությունը շարունակվի:
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ՎՏԱՆԳ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ նշեց, որ Այրվածքաբանական ազգային ինստիտուտ տեղափոխված 3 զինվորներից մեկի առողջական վիճակի ծանրացում էր նկատվել, բայց բուժման մեջ փոփոխություններ մտցնելու արդյունքում այս պահին բոլորի վիճակը բավարար է, վտանգ չի սպառնում:
ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԴԵՖԻՑԻՏԻ ԽՆԴՐԻՆ
Նախարարն անդրադարձով նաև Հայաստանում հակաբիոտիկների և այլ դեղամիջոցների դեֆիցիտին: Նա պարզաբանեց, որ միջազգային դեղագործական շուկայում կա հումքի և լոգիստիկ շղթաների խնդիր: Նախարարը վստահեցրեց՝ խնդիրը կարգավորելու համար մի շարք որոշումներ են կայացրել, նաև շաբաթվա կտրվածքով մոնիտորինգ են իրականացնում, որպեսզի Հայաստանի արձագանքը խնդրին համահունչ լինի:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Մինչև արտադրություններում կկարգավորվի հարցը, հնարավորություն ենք ընձեռել եվրոպական արտադրության մի շարք դեղամիջոցներ ներմուծել Հայաստան առանց գրանցման պահանջի: Հավաքում ենք բոլոր անհրաժեշտ տվյալները, ամփոփում ենք, և եթե մի տեսակի դեղորայքի քանակների նվազում է նկատվում շուկայում, միջոցներ ենք ձեռնարկում դրա հետ կապված:
Խոսելով սուր շնչառական վարակների պատկերի մասին՝ Ավանեսյանն ասաց, որ դասերի հետ վարակի որոշակի ակտիվացում է նկատվել, բայց ձեռնարկված միջոցները կայունացրել են վիճակը: Ըստ նրա՝ ամեն օր չափում են աշակերտների ջերմությունը, բուժքույրը խնդիր հայտնաբերելու դեպքում աշակերտին ուղարկում է տուն:
Անահիտ Ավանեսյան - Շրջանառվող շտամներից հիմնականում H1N1-ն է, H3 տեսակը: Գրիպի դեմ եվրոպական արտադրության մեր պատվաստանյութերը հենց այս շտամների դեմ են, ուղղված հենց այս շտամներին, որոնք կյանքին կարող են վտանգ սպառնալ ու երբեմն շատ ծանր ընթացք են ունենում:
Նախարարը տեղեկացրեց, որ գրիպի պատվաստանյութերը բոլոր մարզերին բաշխվել է հավասարաչափ և պոլիկլինիկաները պատվաստանյութի որևէ խնդիր չունեն:
Հեղինակ՝ Անի Օհանյան