Հայաստանում երկու տարով Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու որոշմամբ Եվրոպան Ադրբեջանին հասկացնում է` գիտի Բաքվի ռազմական մտադրությունների մասին: Իլհամ Ալիևի վարչակազմին ուղղված այս մեսիջն է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը տեսնում Եվրոպական խորհրդի որոշման մեջ:
Ստյոպա Սաֆարյան (քաղաքագետ) - Տարեվերջյան ելույթներն Ալիևի ցույց են տալիս, որ դիսկուրսը` «Արևմտյան Զանգեզուրի» հեքիաթի և այլ տարատեսակ տարածքային հավակնությունների տեսքով, ընդամենը ստեղծում է այդ ագրեսիան առաջ տանելու և առաջիկայում կրկնելու համար, հետևաբար Եվրամիությունն այս առաքելությամբ հասկացնում է, որ ինքը տեղում է, որ ինքը գետնի վրա է և ինքը դիտարկում է:
Քաղաքացիական դիտորդական առաջին առաքելությունը Եվրոպան Հայաստան գործուղեց նախորդ տարի՝ հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել քառակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունից հետո: Մինչև դեկտեմբերի 19-ը Եվրամիության 40 փորձագետները Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում տեղում ծանոթացան իրավիճակին:
Քաղաքագետ Հովսեփ Խուրշուդյանը վստահ է՝ դիտորդների ներկայությունը զսպեց Ադրբեջանի հնարավոր հերթական էսկալացիան: Նոր քաղաքացիական առաքելության օպերատիվ շտաբը, ի տարբերություն նախորդի, կլինի Հայաստանում, ինչը, քաղաքագետների համոզմամբ, առավել արդյունավետ կլինի:
Հովսեփ Խուրշուդյան (Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող) - Եվրոպական ներկայությունը հողի վրա իր ազդեցությունը գործում է` սաստելու Ադրբեջանին, Ալիևին՝ իր սադրիչ քայլերի տեսակետից:
Ստյոպա Սաֆարյան - Այժմ, ակնհայտորեն, Եվրամիությունն ինստիտուցիոնալ ներկայություն է ապահովում: Ըստ որում՝ և՛ Հայաստանի, և՛ արդեն Նախարարների կոմիտեի ամբողջական համաձայնությամբ ու հավանությամբ՝ այն սահմանելով երկտարյա ժամկետով, ինչը գրեթե անխոցելի է դարձնում այդ առաքելության գոյության իրավունքը Հայաստանում:
Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններից ու Լաչինի միջանցքը ադրբեջանցիների փակելուց հետո Բրյուսելն այլևս չի հավատում Բաքվի հավաստիացումներին, նշում են քաղաքագետները` ընդգծելով, որ բարձր գնահատելով Հայաստանի ժողորդավարական մակարդակը` Եվրոպան և ԱՄՆ-ն առավել հաճախ են Ալիևին հիշեցնում Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրների մասին:
Հովսեփ Խուրշուդյան - Միացյալ Նահանգների առաջատար թերթերից մեկն ընդհանրապես համեմատեց Ալիևին Սադդամ Հուսեյնի հետ, որ այդ ճանապարհով է գնում հիմա Ալիևը: Այսինքն՝ զգուշացնում են Ալիևին, հասկացնում են, որ դու կարող ես հայտնվել այն թիրախավորված ավտոկրատների ճամբարում, որի դեմ պայքար է հռչակել Բայդենը դեռ 2021 թվականի Մյունխենյան անվտանգային գագաթնաժողովում:
Չնայած ԵՄ քաղաքացիական առաքելություն գործուղելու հարցում Բրյուսելը միայն Երևանի համաձայնությունն է ստացել, ըստ քաղաքագետների՝ Ադրբեջանը չի խոչընդոտի եվրոպացի դիտորդների տեղակայումն ու գործունեությունը:
Հեղինակներ` Նորայր Շողիկյան, Մուշեղ Իսախանյան