Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի տեղեկությունները՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի մասին շատ չեն տարբերվում հայտնի ու պաշտոնական տվյալներից: Այրվածքաբանության կենտրոն տեղափոխված զինծառայողներին այցելած Սիմոնյանը նշեց՝ շատ բան պատմել չի ուզում:
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Որովհետև զուտ անձնական զրույց է եղել: Թող նախաքննությունը գնա, բոլոր մեղավորները նաև քրեաիրավական պատասխանատվություն կկրեն:
ԱԺ նախագահը համարում է, որ բանակում կատարել են լուրջ բարեփոխումներ՝ սկսած անձնակազմի փոփոխությունից, վերջացրած կահավորմամբ: Ըստ Սիմոնյանի՝ հիմա էլ բանակի համար որակյալ կահավորում է ներմուծվում Հայաստան:
Ալեն Սիմոնյան - Այդ տնակի ամենամեծ խնդիրը եղել ա այն, որ չեն պահպանվել անվտանգության կանոնները, այն է՝ պատուհաններին եղել են ճաղավանդակներ, որոնք չպետք է լինեին: Մարդիկ, ովքեր պատասխանատու են անվտանգության համար, պատժվելու են։
Դեպքը քաղաքական պատասխանատվություն չի ենթադրում, քանի որ քաղաքական գործոն չկա: Այսպես արձագանքեց Սիմոնյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի մասին հարցին: Նրա գնահատմամբ՝ Պապիկյանը մեծ պատասխանատվություն է ստանձնել՝ պատերազմից հետո նախարար նշանակվելով, ու նաև նրա աշխատանքի արդյունքն են ԶՈՒ բարեփոխումները:
Ալեն Սիմոնյան - Քաղաքական ղեկավարությունն իր կողմից ամեն ինչ արել է և շարունակելու է անել։ Վստահեցնում եմ, եթե այս փոփոխությունները չլինեին, նման պատահարներ շատ ավելի շատ կարող էին լինել։ Բայց դժբախտ պատահարը սարքել քաղաքական շահարկման թեմա և փորձել մտցնել քաղաքական օրակարգ՝ անտեղի եմ համարում:
ՀՀ-Ն ԲԱՆԱԿԻ ՎՐԱ ԾԱԽՍԵԼՈՒ ԳՈՒՄԱՐԻ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ. ԱԺ ՆԱԽԱԳԱՀ
Հայաստանը բանակի վրա ծախսելու գումարի որևէ խնդիր չունի, հայտարարեց Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե մոդուլային զորամասեր կարելի էր կառուցել ավելի վաղ՝ պարգևավճարների ու պետական ծառայողների ավտոպարկի թարմացման փոխարեն:
Ալեն Սիմոնյան - 2018 թվականից սկսած չկա, որ գումարի պատճառով մենք որևիցե գնում չկատարենք, ուստի բոլոր օրինակները, որ բերում եք՝ սկսած վերելակից, վերջացրած գրիչով և մեքենայով, որևէ կապ չունի: Այսինքն՝ այնպես չէ, որ կա գումար, ու ընտրություն է կատարվում վերելակի, մեքենայի վրա ծախսել, թե բանակի:
Լրագրողները հիշեցրին, որ 2018-ին դեռևս ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը խիստ քննադատության էր ենթարկել իշխանություններին հունվարի 8-ի դրությամբ բանակում արդեն երկու զոհ ունենալու համար, ինչին ի պատասխան ԱԺ նախագահը շեշտեց՝ համեմատությունը տեղին չէ:
Ալեն Սիմոնյան - Մեծ քանակով շատ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ պաշտոնանկ են արվել: Ձեր նշած ժամանակում քանի՞ նման դեպք գիտեք, որ բարձրաստիճան պաշտոնյաների շարան է պաշտոնանկ արվել: Այլ ողբերգություն է եղել, ինչի, որ իրար կրակում, սպանում են:
ՓՈՐՁԵԼՈՒ ԵՆՔ ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՈԼՈՐ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Օրենսդրի ղեկավարը խոսեց նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերի Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի Հայաստան կատարած այցի մասին: Սիմոնյանը նշեց՝ քաղաքական վեկտորի փոփոխությամ մասին խոսք չկա:
Ալեն Սիմոնյան - Մենք ՀՀ տարածքային անվտանգությունն ապահովելու համար բոլոր միջոցները փորձելու ենք, որովհետև գոյություն ունեցող միջոցները մեզ չեն բավարարում: Որոշումը՝ Հայաստանի անվտանգությունն ամեն գնով ապահովելու, կարելի է ասել՝ կայացված է:
Ճեպարզրույցին անդրադարձ եղավ ընդդիմադիր 22 պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու «Քաղաքացիական պայմանագրի» որոշմանը: Խորհրդարանի խոսնակը շեշտեց՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշել է չդիմել Սահմանադրական դատարան, թեև «Հայաստան» խմբակցության պատգամավորները բացակայությունների թույլատրելի շեմն անցել են: ԱԺ նախագահի խոսքով՝ ՍԴ չեն դիմում, քանի որ ընդդիմադիր պատգամավորները վերադարձել են խորհրդարան ու մասնակցում են նիստերին:
Հեղինակ՝ Անի Օհանյան