Ես ինձ իրավունք չեմ վերապահի ասել, որ ընդդիմությունը որևէ բացթողում թույլ է տվել: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դա, նախ, իմ գործը չէ, երկրորդն էլ՝ կոռեկտ չեմ համարում ասել, որ ընդդիմությունը, այսպես կամ այնպես, պետք է աներ։ Եվ եթե այդ հարցերի պատասխանն էլ ունենայի, իմ կողմից խելամիտ չէր լինի նման խորհուրդներով հանդես գալ, այսինքն՝ վերադառնալ ընդդիմադիր դերի»,- ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ մեր քաղաքական կյանքում շատ է աղմուկը և միշտ էլ շատ է եղել: «Այնպես չէ, որ ես ինքս ընդդիմության ասածներին և արածներին վերաբերվում եմ որպես մի բանի, որը պետք է չնկատելու տալ, արհամարհել, քարկոծել, դատափետել։ Մենք փորձում ենք նույնիսկ հայհոյախառն ասածների միջից դուրս բերել ինչ-որ ռացիոնալ մի բան, որը կարելի է ծառայեցնել ՀՀ շահերին։ Մնացածը ընդդիմության և ընդդիմության համակիրների գործն է։ Ընդդիմությունն ինքն է որոշում, թե ինչպես գործի, հանրությունն էլ ինքն է որոշում, թե ինչպես արձագանքի ընդդիմության գործերին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։