ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր տեղի ունեցած ճեպազրույցում անդրադարձավ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքներին վերաբերող հարցին:
Նա նշեց, որ հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքները խիստ գաղտնի են: Կատարված աշխատանքների հիման վրա հանձնաժողովի նախագահը զրուցել է գլխավոր դատախազի հետ, որոշ դրվագների հետ կապված նյութեր կուղարկվեն Գլխավոր դատախազություն՝ ուսումնասիրելու համար:
Թե ում են պատրաստվում առաջիկայում հրավիրել հանձնաժողովի նիստին` հարցեր տալու համար, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Եթե շատ մտածեք, բոլորիդ համար ակնհայտ կլինեն հրավիրյալները: Բայց խնդիր կա: Առաջին հրավերները վերաբերում էին արտաքին բլոկին` Վարդան Օսկանյան, Ժիրայր Լիպարիտյան: Ժիրայր Լիպարիտյանը զանգահարել և ասել է, որ պատրաստ է: Վարդան Օսկանյանը հեռավար ասել է, որ պատրաստ չէ: Մովսես Հակոբյանն էլ ինչ-որ հայտարարություններ է արել»:
Քոչարյանը տեղեկացրեց, որ մշակվում է օրենսդրական նախաձեռնություն և հունվարին կդրվի շրջանառության մեջ, ըստ որի՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում կնախատեսվեն խստացումներ հրավիրյալների չներկայանալու դեպքում:
«Ուսումնասիրվել են տասնյակ հազարավոր նյութեր, ինչը բավարար է, որ հանձնաժողովի նախագահը գրավոր նյութեր ուղարկի Գլխավոր դատախազություն: Վերջնահաշվարկում 44-օրյա պատերազմի արդյունքը ինչ-որ թերացումների արդյունք է, մեղմ ասած՝ թերացումների»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը:
«Քննիչ հանձնաժողովի արձանագրումներն առհասարակ լավ հիմք են այս պահին տեղի ունեցող փոփոխությունների համար, քանի որ հստակ արձանագրված են մի շարք բացթողումներ, որոնք տարիներ ի վեր եղել են բանակում և հանգեցրել են կոնկրետ հետևանքների»,- հավելեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Ըստ նրա` գլխավոր դատախազի փոփոխությունից հետո բավականին գործընթացներ են տեղի ունենում Դատախազությունում, և առաջիկայում կոնկրետ զարգացումներ կլինեն կոնկրետ անձերի վերաբերյալ: Հետևաբար, նա առաջարկեց սպասել իրադարձությունների հետագա զարգացումներին:
Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ ընդդիմությունը քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չի մասնակցում` հավելելով, որ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքների որոշ դրվագներին մասնակցում են, բայց ոչ բոլորը:
«Անվտանգությունն այն ոլորտն է, որտեղ մենք բոլորս միասին պետք է բավականին մեծ արագությամբ և որակյալ ոչ միայն օրենսդրական, այլ նաև գործնական ներդրում ունենանք մեր բանակաշինության գործում»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը: