Եվս մեկ ամիս, և կավարտվի մայրաքաղաքում ինքնակամ կառուցված գույքի հաշվառման ժամկետը: Հաջորդ տարվանից, եթե ինքնակամը Երևանում է և հաշվառված չէ, այն այլևս հնարավոր չի լինի օրինականացնել: Այս տարի չափագրողների գրասենյակում մուտքագրված և կադաստր փոխանցված 18.600 հաշվառման փաթեթ կա, դրա ուղիղ կեսը Երևանում կառուցված ինքնակամների համար է:
Գևորգ Մանուկյան (ՀՀ կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ) - Գործընթացը ենթադրում է, որ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը պետք է ավարտել Երևան քաղաքում կառուցված ինքնակամ կառույցների հաշվառման պրոցեսը, իսկ 23-ի հունվարի 1-ից դեռևս շարունակվելու է քաղաքային և գյուղական բնակավայրերն ընդգրկող համայնքներում ինքնակամ կառույցների հաշվառման պրոցեսը:
Եվս 1 տարի ինքնակամ կառուցված գույքը հնարավոր կլինի հաշվառել քաղաքային բնակավայրերում, իսկ գյուղականում՝ մինչև 2025 թվականը: Կադաստրի կոմիտեի պաշտոնյան նշում է՝ ակտիվություն կա, բայց քաղաքացիները հաճախ գործը վերջին օրվան են թողնում:
Գևորգ Մանուկյան - 22 թվականի մարտի 15-ին ավարտվեց 2021 թվականին կառուցված ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացը, և այդ պրոցեսում 500-600 հաշվառման փաթեթ ունեինք մեկ օրում, ներկայացված որակավորված մասնագետների կողմից: Հիմա նույն պրոցեսը տեսնում ենք, որ միջինացված վերլուծությունը օրական ներկայացվում է շուրջ 50-70 հաշվառման փաթեթ, սակայն վերջին օրերին թիվը հասնում է մինչև 110-120 հաշվառման փաթեթի:
Կադաստրի կոմիտեի ևս մեկ վերլուծություն՝ 18.600 հաշվառման փաթեթներից 7900-ը սեփական հողամասում կառուցվածներն են, մնացած դեպքերում ինքնակամը կառուցվել է կամ այլ քաղաքացու հողամասում, կամ համայնքային նշանակության տարածքներում:
Գևորգ Մանուկյան - Շինությունները տարբեր նպատակային նշանակություն ունեն, կան ավտոտնակների համար կազմված, բնակարաններին կից, հասարակական, արտադրական օբյեկտներ՝ տարաբնույթ են:
Մանուկյանը հստակեցնում է՝ ոմանք կարծում են, թե ժամկետները վերաբերում են նաև օրինականացմանը, բայց խոսքը միայն հաշվառման մասին է: Պետք է Երևանում կառուցված ինքնակամը հաշվառել մինչև տարեվերջ, իսկ օրինականացման համար դիմելու հարցում ազատ են, կարող են դիմել երբ ցանկանան: