Թուրքիայի փոխարտգործնախարար, դեսպան Սեդաթ Օնալը հայտնել է, որ Թուրքիան հրաժարվել է զիջել ԱՄՆ-ին և մեղմացնել իր նեղուցներով նավթի լցանավերի անցման պահանջները։ Անկարայի համար կարևոր են նավարկության անվտանգության և Բոսֆորի բնակիչների կյանքի երաշխիքները՝ ընդգծել է դիվանագետը։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 8-ին, Financial Times-ը հայտնել էր, որ թուրքական ջրերում առնվազն 22 լցանավ է արգելափակվել։ Պարբերականը պնդել է, որ արևմտյան պաշտոնյաները Թուրքիային են մեղադրել Սև ծովով նավթի մատակարարման համար խնդիրներ ստեղծելու համար։
Նրանց գնահատմամբ՝ Անկարան անհարկի պահանջներ է ներկայացնում՝ չունենալով իրական պատճառ՝ արգելափակելու լցանավերի՝ հիմնականում ղազախական նավթի անցումն իր նեղուցներով։ «Կազմունայգազը» հայտնել է, որ նեղուցներում մնում են «մոտ 8-10 լցանավ, որոնք առնչություն ունեն Ղազախստանի հետ»։
Թուրքիան դեկտեմբերի 1-ից սկսել է նավերից ապահովագրական փաստաթղթեր պահանջել։ Միջոցառումները պայմանավորված են նրանով, որ դեկտեմբերի 5-ից ուժի մեջ են մտել ԵՄ սահմանափակումները, որոնք արգելում են արևմտյան ընկերություններին ապահովագրական ծառայություններ մատուցել ռուսական նավթի փոխադրման համար, եթե գինը չի համապատասխանում մեկ բարելի դիմաց 60 դոլար ընդունված շեմին։