Կրկին բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ այսօր` ժամը 10:30-ի սահմաններում, փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը՝ Շուշի-Քարին տակ հատվածում: Նրանց հետ բանակցում են ռուս խաղաղապահները, իսկ այստեղ՝ ճանապարհին, հարյուրավոր մարդիկ սպասում են:
Կարինե Առաքելյան (ուղևոր) - Երեխաների հետ գնում ենք Երևան՝ հիվանդանոց, երեխային ենք տանում բուժօգնության, բայց ճանապարհը փակել են, մենք չենք կարողանում գնալ երեխաների հետ: Ինչպե՞ս ասեմ, ճի՞շտ է, որ չենք կարողանում նույնիսկ երեխային տանենք, հասցնենք հիվանդանոց:
Գնել Սարդարյան (վարորդ) - Անորոշ վիճակ է, չգիտենք՝ ինչ է լինելու, չգիտենք՝ սրա վերջը որն է, սկիզբը որն է:
Խիստ անընդունելի է Ադրբեջանի ագրեսիվ վարքը, որի միջոցով ահաբեկում է բնակչությանը և հարվածի տակ դնում կենսական իրավունքներն ու շահերը՝ հայտարարություն է տարածել Արցախի նախագահը: Արայիկ Հարությունյանը սա աննախադեպ մարտահրավեր է որակել և համախմբվածության կոչ արել՝ նշելով, որ Ադրբեջանի իշխանությունների նպատակներից է նաև Արցախում ներքին պառակտման ու խուճապի հրահրումը:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՁԳՏՈՒՄ Է ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ԷԹՆԻԿ ԶՏՄԱՆ ԵՎ ՀԱՅՐԵՆԱԶՐԿՄԱՆ
Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) - Արցախի իշխանություններն ու ժողովուրդն ունեն հստակ արժեքներ, սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնց պաշտպանության ուղղությամբ գործադրում ենք և կգործադրենք բոլոր հնարավոր ջանքերը՝ երբեմն ոչ տեսանելի:
Համոզված ենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմը, որպես մեր ժողովրդի ու ճանապարհի անվտանգության երաշխավոր, կկիրառի բոլոր գործիքակազմերը՝ կանխելու նման սադրանքները և պայմանավորվածությունների խախտումները՝ ուղղված մեր ժողովրդի կենսական իրավունքների ու շահերի դեմ:
Կարևոր անելիքներ ունեն նաև միջազգային հանրության այլ դերակատարները, քանի որ ադրբեջանական կողմի գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը, և Ադրբեջանը ձգտում է Արցախի բնակչության էթնիկ զտման ու հայրենազրկման:
Արցախը եղել է և կլինի հայկական՝ մեր միասնական ու վճռական ջանքերի միջոցով՝ ի հեճուկս բոլոր մարտահրավերների:
ԶՍՊԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍԻՎ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԸ. ԱՐՑԱԽԻ ԱԺ
Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ֆոսֆորային ռումբեր օգտագործած ադրբեջանցիների բնապահպանական սադրանքին անդրադարձել է նաև Արցախի խորհրդարանը: Հայտարարության մեջ շեշտվում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով միջանցքի կարգավիճակ ստացած մայրուղին վերջին օրերին երկրորդ անգամ է արգելափակվել: ԱԺ-ի խմբակցությունները ռուս խաղաղապահներին հորդորել են եռակողմ համաձայնագրի շրջանակում առավել կոշտ միջոցներով կանխել ադրբեջանցիների նմանօրինակ հակամարդկային գործողությունները:
Արթուր Հարությունյան (ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար) - Ադրբեջանի նպատակն է, որ այսպիսի խնդիրներ առաջացնելով կամ նմանատիպ սադրիչ գործողություններով` հուսալքի մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին և կամաց-կամաց հայաթափի, իրենց տարիների քաղաքականությունը դա էր, որ հայաթափի Արցախը:
Ադրբեջանը հումանիտար աղետ է ստեղծում անպատժելիության պատճառով՝ ընդգծում են պատգամավորներն ու մատնանշում տարեսկզբի դեպքը, երբ շաբաթներ շարունակ Արցախը զրկված էր գազամատակարարումից: Այս հերթական սադրանքն էկոակտիվիստների անվան տակ է իրականացվում, իսկ համացանցում ակտիվ քննարկում են, որ նրանց շարքերում քիչ չեն հատուկ ծառայությունների աշխատակիցները, օրինակ` նրանցից մեկը հայերենին լավ տիրապետող, հատուկ ծառայությունների պահեստազորի կապիտան Թելման Ալիխասիմովն է:
Դավիթ Գալստյան (ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար) - Անմիջապես մենք ենք քաղում Ադրբեջանի սանձարձակ գործողությունների հետևանքները, բայց հարցը միջազգային է: 21-րդ դարում չի կարելի թույլ տալ նման կարգավորմամբ, պահանջներով փորձել հարցը իրենց ուզած ձևով ավարտին հասցնել:
Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ իրենց մտահոգությունն արտահայտելու ադրբեջանական վերջին սադրանքի առիթով: