Խորհրդարանական ճեպազրույցների առանցքում այսօր Լաչինի միջանցքում ադրբեջանական սադրանքն էր: Խորհրդարանի երկրորդ ուժի՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գնահատմամբ՝ ադրբեջանական սադրանքների նպատակն է հերթական անգամ քաղաքական, ռազմական, բարոյահոգեբանական ճնշում գործադրել Արցախի ժողովրդի նկատմամբ:
Արթուր Խաչատրյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Իրենք արցախցիներին լավ չեն ճանաչում, որպեսզի կարողանանք պահել Արցախը, ՀՀ-ն չի կարող նման կրավորական մոտեցում ցուցաբերել, կարծես թե խոսքը Կոնգոյի Հանրապետության և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև հարաբերությունների մասին է, այլ ոչ թե Արցախի Հանրապետության և ադրբեջանական ագրեսորների։
Նոյեմբերի 9-ին հայտարարությամբ Հայաստանը չի հրաժարվել Արցախի անվտանգության երաշխավորը լինելու հանձնառությունից՝ ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Արթուր Խաչատրյան - Եթե ՀՀ իշխանությունները հույսը դնում են բացառապես ռուս խաղաղապահների վրա, ապա պետք է հասկանան ստեղծված իրավիճակը: Եթե ՀԱՊԿ-ը, որի անվտանգային համակարգի անդամ ենք մենք, առաջարկում է ռազմատեխնիկական աջակցություն, չպետք է կամակոր երեխայի նման ոտքերը խփել գետնին և ասել՝ թե չէ՛, մենք քաղաքական հայտարարություն ենք ուզում:
Ընդդիմադիրներին չի գոհացնում ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, այն պասիվ են որակում: Ըստ նրանց՝ եթե իշխանությունները դիմեին միջազգային հանրությանը, պահանջեին ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա, երկրորդ դեպք չէր լինի:
Մարտակերտի շրջանի Կաշենի հանքավայր օրեր առաջ ադրբեջանցիների մուտք գործելու փորձը Բաքվի պլանավորած սադրանք էր՝ հայտարարեց կառավարող ուժի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը: Նրա կարծիքով՝ լարվածություն ստեղծելով Արցախում՝ Ադրբեջանն ակնկալում է այն տեղափոխել նաև Հայաստան: Պատգամավորը սառնասիրտ լինելու կոչ արեց՝ շեշտելով, որ Հայաստանի նպատակը մնում է նույնը՝ անվտանգ միջավայրի կառուցում Հայաստանի և Արցախի միասնական անվտանգային տարածքում:
Անդրանիկ Քոչարյան (ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Ադրբեջանը պետք է մի բան իմանա՝ նման քայլերով ստիպում է, որպեսզի Արցախը և Հայաստանն իրենց անվտանգային միջավայրը դարձնեն շատ ավելի գերակա, մեր անհաջողություններից դասեր քաղելու գործընթացը լինի շատ ավելի արագ քայլերով:
Քոչարյանը չի բացառում, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններն առաջիկա տարիներին շարունակվեն, շեշտում է՝ դրանցից պետք է հետևություն անի հրադադարը պահպանող առաքելությունը:
Անդրանիկ Քոչարյան - Եթե լարվածությունը շարունակեն, և իրենց հեռահար նպատակը Լաչինի միջանցքը փակելը պետք է լինի, ապա դա բերելու է նրան, որ մեր հայրենակիցներին անպաշտպան ոչ մեկը չի կարող թողել: 90-ականներ դասերը եթե Ադրբեջանն ուսումնասիրեր ու հետևություն աներ, ապա կիմանար, որ հակամարտությունը լայնածավալ գործողությունների վերածվեց, քանի որ սկսեցին շատ կրակել, մենք էլ սկսեցին շատ պաշտպանվել, երբ ավելի շատ կրակեցին, մենք կանոնավոր բանակի ստեղծման գնացինք:
«Պատիվ ունեմ» խմբակցությունը ճեպազրույցներին չմասնակցեց:
Հեղինակ՝ Անի Օհանյան