Տեղի է ունեցել ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Բայդենի ու Զելենսկու հեռախոսազրույցը: Կողմերը քննարկել են Ռուսաստանի ռազմական գործողությունները և Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացմանն ուղղված ԱՄՆ վերջին ջանքերը, հայտնում է CNN-ը։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Բայդենին՝ Ուկրաինայի անվտանգության ոլորտի ապահովման նպատակով լրացուցիչ 275 միլիոն դոլար տրամադրելու համար: Անցյալ շաբաթ հայտարարված փաթեթը ներառում է զենք և հրետանային արկեր, ինչպես նաև սարքավորումներ, որոնք կօգնեն Ուկրաինային ուժեղացնել հակաօդային պաշտպանությունը:
«Նախագահ Բայդենը վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը՝ շարունակելու Ուկրաինային տրամադրել անվտանգության, տնտեսական և հումանիտար օգնություն, Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել իր պատերազմական հանցագործությունների և վայրագությունների համար»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Հեռախոսազրույցի ժամանակ Զելենսկին տեղեկացրել է Բայդենին, որ «ռուսական հրթիռային ահաբեկչությունը» հանգեցրել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի մոտ 50%-ի ոչնչացմանը, միաժամանակ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ-ին՝ Ուկրաինայի էներգետիկ համակարգերի վերականգնման նպատակով օգնություն հատկացնելու համար։
ԱՄՆ նախագահն ուկրաինացի գործընկերոջը վստահեցրել է, որ Վաշինգտոնի առաջնահերթությունը Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդումն է։
Զելենսկին նաև անդրադարձել է խաղաղության գլոբալ գագաթնաժողով հրավիրելու իր ծրագրին։ Անցյալ ամիս Բալիում իր տեսաելույթով նա G20-ի առաջնորդներին էր ներկայացրել 10 կետից բաղկացած խաղաղության ծրագիր: Այն ներառում է միջուկային, պարենային անվտանգության ապահովման ուղիները, առաջարկում է ստեղծել հատուկ տրիբունալ՝ ռուսական ենթադրյալ պատերազմական հանցագործությունների համար և մշակել Մոսկվայի հետ վերջնական խաղաղության պայմանագիր: