Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը օրերս չհայտարարված այց է կատարել Երևանի «Մանկան տուն»: Այս կառույցում ապրում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների մինչև 6 տարեկան երեխաներ: Պաշտպանի գրասենյակն արձանագրել է, որ հայտնաբերված խնդիրները երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններից շատերին են բնորոշ, չկան անհատականացված գնահատում և մասնագիտացված աշխատանք:
Անահիտ Խաչատրյան (ՀՀ ՄԻՊ աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ) - Այցի ընթացքում արձանագրվել են խնդիրներ սանիտարական պայմանների, խոհանոցի պայմանների հետ կապված, ինչպես նաև երեխաների անհատական օգտագործման իրերի անհատականացման, գրառումների դրանց վրա, համարակալման հետ կապված հարցեր, ու նաև արձանագրել ենք դեպքեր, երբ որ մաքրման միջոցները երեխաներին հասանելի վայրերում են դրված եղել:
Առանձին կետով Պաշտպանի գրասենյակը նշել է, որ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքների հետ կառույցը բավարար աշխատանք չի իրականացնում, աշխատանք չի տարվում նաև տեսակցությունների, համապատասխան կարիքների գնահատման, ուղղորդումների, խորհրդատվության տրամադրման տեսանկյունից: Ըստ Անահիտ Խաչատրյանի՝ տեսակցությունների կազմակերպման համար շատ կարևոր է ներդնել կոնկրետ ընթացակարգեր, դրանց փաստաթղթավորման, գնահատման մեթոդաբանություն, գործակցություն մյուս գերատեսչությունների հետ:
Անահիտ Խաչատրյան - Արձանագրվել են դեպքեր, օրինակ՝ երեխան գնացել է խնամատար ընտանիք, բայց ինչ-ինչ ժամանակ հետո խնամատարություն իրականացնող ծնողը հրաժարվել է, չի ուզել շարունակել իր այդ գործընթացը, ու երեխան նորից հետ է վերադարձել հաստատություն: Մեկ այլ խնդիր է նույն ընտանիքի կամ ազգակցական կապերով երեխաների դեպքում, օրինակ՝ մի երեխան գնում է խնամատար ընտանիք, մի երեխան հաստատությունում է, բայց իրենց միջև տեսակցություններ չեն կազմակերպվում:
Այցի վերջնական արդյունքները, նաև առաջարկությունները Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում մինչև նոյեմբերի 30-ը կամբողջացնեն և կուղարկեն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, «Մանկան տուն»:
Լիդա Ջուլիկյան («Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն) - Մենք պետք է պատասխան արձանագրություն ստանանք պաշտոնական և դրանից հետո նաև ունենանք իրավունք ներկայացնելու մեր առարկությունները կամ մեջբերումները: Քննարկում եղել է մշտադիտարկման խմբի անդամների հետ, սակայն այս պահին, քանի դեռ չունեմ վերջնական արձանագրությունը, եկեք սպասենք իրենց արձանագրությանը՝ զեկույցին, որից հետո ես կներկայացնեմ իմ պատասխանը:
«Մանկան տանն» այս պահին ապրում է 67 երեխա: Նրանցից 27-ն ունեն հաշմանդամություն: Այս տարի 4 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիք, որդեգրվել են 5-ը, ևս 6-ն էլ ապրում է խնամատար ընտանիքներում: