Հոկտեմբերի 10-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նամակով դիմել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին:
Պաշտոնյան ընդգծել է, որ Եվրոպայի խորհրդի երկրների միջև տարաձայնությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով: Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության միջև վերջին ուղղակի շփումները խոստումնալից էին և պետք է շարունակվեն:
«Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցելու հաշտեցման ջանքերին, ինչը նպաստում է խաղաղ կարգավորմանը հասնելուն: Մենք խրախուսում ենք Հայաստանին ու Ադրբեջանին՝ ակտիվացնել ջանքերը` խաղաղ ճանապարհով և երկխոսության միջոցով լուծելու լարվածություն ստեղծող բոլոր հարցերը»,- նշված է նամակում:
Պեյչինովիչ Բուրիչը Ադրբեջանի ԱԳՆ-ից հստակ և մանրամասն տեղեկություն է հայցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների հնարավոր խախտումների վերաբերյալ՝ հիմնվելով հայ ռազմագերիների սպանությունների տեսագրության փաստի վրա, որոնք գլխավոր քարտուղարը բնութագրել է որպես «ծայրահեղ բռնություն»:
Պեյչինովիչ Բուրիչը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված մանդատի շրջանակներում հետևողական է լինելու այս հարցում՝ կազմակերպության չափանիշները լիովին ապահովելու նպատակով։