Հայաստանի պետական բուհերը մինչև 2018 թվականը Երիտասարդական հիմնադրամին կամավոր-պարտադիր կերպով վճարում էին իրենց բյուջեի 2 տոկոսը: Դա հարյուր միլիոնավոր դրամ էր կազմում: 2018-ին որոշվեց, որ բուհերն այլևս չպետք է հիմնադրամին գումար տրամադրեն: Որոշ ժամանակ անց այն ուղղակի դադարեց գործել, ապա և շենքը վաճառվեց:
Ի դեպ, նույն 2018 թվականին հիմնադրամի գործադիր տնօրենին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով` 325 մլն 600 հազար դրամի յուրացման և փողերի լվացման համար: Դատական գործի քննությունը դեռ շարունակվում է:
Արմեն Մուրադյան (Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր) - Միջազգային մեր բոլոր կառույցները մենք տեղափոխելու ենք այդ տարածք, այդ տարածքում լինելու է «Հերացի» վերլուծականը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շենքն այժմ արդեն պատկանում է Երևանի պետական բժշկական համալսարանին: Աբովյան փողոցի 50/5 հասցեում գտնվող կառույցը Բժշկական համալսարանը ձեռք է բերել աճուրդով: Վճարել է ավելի քան 1 մլրդ 390 մլն դրամ:
Գեղամ Ասատրյան (Պետական գույքի կառավարման կոմիտեի հանրային կապերի պատասխանատու) - Հայաստանի երիտասարդական հիմնադրամին պատկանող շենքը եղել է Երիտասարդական հիմնադրամի սեփականությունը: Այնուհետև հիմնադրամի հոգաբարձուների ժամանակավոր խորհրդի որոշմամբ ստեղծվել է լուծարման հանձնաժողով, և լուծարման հանձնաժողովը որոշել է շենքը դնել աճուրդի: Արդյոք հնարավոր է շենքից հանել մեր սննդի հնարավոր բոլոր տեսակի կառույցները, որ դա լինի մեկ տեղ կենտրոնացած, որ ուսանողները հնարավորություն ունենան նաև որակյալ և մատչելի սնունդ ստանալ, որ ստորգետնյա անցումի կամ տարբեր ֆասթֆուդերում չսնվեն, որովհետեև դա ևս մեր խնդիրն է:
Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը նշում է՝ համալսարանը շեշտակի հաջողություններ ունի միջազգայնացման գործընթացում, այստեղ սովորել ցանկացող արտասահմանցի ուսանողների թիվը աճում է, և բուհը ձգտում է միջազգային հավատարմագրման: Ձեռք բերած նոր տարածքը այդ ճանապարհն ավելի դյուրին կդարձնի:
Արմեն Մուրադյան - Մենք չենք թաքցնում այն պրոցեսը, որ կոչվում է հավատարմագրում, որի պայմաններից է թե՛ հարթակների, թե՛ մեզ անհրաժեշտ նոր կառույցների ձևավորումը, և միջազգայնացման այդ ընդհանուր կոնցեպտի մեջ մեզ անհրաժեշտ էր մեր տարածքին հարող այդ շենքի առկայությունը, որը մենք կարողացանք վարկային միջոցներով ձեռք բերել:
Երիտասարդական հիմնադրամի արդեն նախկին շենքը Երևանի կենտրոնում է՝ Բժշկական համալսարանի ու Երևանի պետական համալսարանի մասնաշենքի միջև: Աճուրդին միայն մեկ մասնակից է եղել: Պետգույքի կառավարման կոմիտեում վերլուծություն չունեն, թե որքան հաճախ են նման շինությունները վաճառվում մեկ մասնակցով:
Գեղամ Ասատրյան - Մենք դրա վրա չենք կենտրոնանում, հրապարակային ծանուցումը տալիս ենք, և բոլորը կարող են մասնակցություն ունենալ: Ուղիղ մեկ ամիս և երկու օր ժամանակ է եղել և՛ «Ազդարար»-ում, և՛ պետգույքի կառավարման կոմիտեի ֆեյսբուքյան էջում ու պաշտոնական կայքում, և տարբեր լրատվամիջոցներում հուլիսի 6-ին դրվել է, որ Պետգույքի կառավարման կոմիտեն հրավիրում է աճուրդի, այնպես որ, այստեղ որևէ այլ բան փնտրել, իհարկե, սխալ կլինի:
Գեղամ Ասատրյանն ընդգծում է՝ աճուրդն անցկացվել է օրենքի շրջանակում:
Հեղինակ` Աննա Զախարյան