Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով իրականացվող ճանապարհաշինական նախագծերի ընթացքն են քննարկել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին: Հանդիպմանը մասնակցել են նաև բանկի տարածաշրջանային մասնագետները:
Անդրադառնալով քաղաքային ենթակառուցվածքների զարգացման համատեղ ծրագրերին՝ քաղաքապետն ընդգծել է դրանց կարևորությունն ու շարունակականության ապահովումը:
Կողմերը խոսել են նաև ճանապարհաշինական նոր նախագծերի, մասնավորապես՝ Իսակովի պողոտան Արշակունյացին միացնող նոր ճանապարհը կառուցելու նպատակով վարկային հնարավոր միջոցներ ներգրավելու մասին:
Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենը, գոհունակություն հայտնելով ծրագրերի արդյունքներից, նշել է, որ քաղաքապետարանը բանկի վստահելի գործընկերներից է և պատրաստակամություն է հայտնել աջակցելու համայնքին լայնածավալ նախագծեր կյանքի կոչելու գործում, որոնք ունեն ոչ միայն մայրաքաղաքային կարևորություն: