Վահե Գևորգյան (Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 18-րդ ջոկատի խմբի պետ) - Տանը առօրյայով զբաղված էինք, տագնապ եղավ, ու միանգամից եկանք գույքը վերցրինք, եկանք դեպքի վայր:
Ջեյն Ղազարյան (Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգ) - Առավոտը Ժամը 8-ից էստեղ ենք:
Տարածքը մտել ենք. սա երրորդ անգամ է, մտնում, դուրս ենք գալիս:
Եղել են պահեր, որ մոտավոր ցույց է տվել տեղը, ու ըստ այդմ սկսել են աշխատել փրկարարները:
Կարեն Ավետիսյան (ՓԾ փոխգնդապետ) - Փրկարարներ ունենք, որ հերթափոխն հանձնելուց հետո էլ չեն գնում, մնում են:
Փրկարար ծառայության փոխգնդապետ Կարեն Ավետիսյանը որոնողական աշխատանքներն ընդհատում է մի քանի րոպեով՝ մի կում սառը ջուր խմելու համար:
Կարեն Ավետիսյան - Ջուրն է մեզ պակաս, սառը. իրականում փրկարար ծառայողը ոչ մի բանի պակաս էլ չունի՝ արագ ավելացնում է, նաև չի մոռանում մեր մասին՝ ջուր կխմե՞ք:
2011-ից փրկարար ծառայությունում է աշխատում՝ արտակարգ իրավիճակների կենտրոնում. այսպիսի արտակարգ իրավիճակում դեռ չէր եղել:
Կարեն Ավետիսյան - Ունեցել ենք փլուզումներ, նմանատիպ իրավիճակներ, բայց ծավալներով համեմատվող չեն:
Առաջին մի քանի ժամը ողջ տուժածների հետ գործ ունեինք աշխատում էինք նույնիսկ չարդարացված ռիսկային պայմաններում:
2 տուժածի դուրս բերելուն մասնակցել եմ:
Անցորդներ են եղել, ուղղակի կողքով անցնող են եղել... Էս փլատակներից աջ, 2 կին էին:
Վահե Գևորգյան - 13 ժամ հետո 4 ժամով գնացել եմ, հետո եկել եմ 26 ժամ, հետո 5-6 ժամով գնացել ենք ու նորից եկել ենք: Ինչքան էլ հրամանատարական կազմը ուզում է գնանք, մենք փշերի վրա ենք:
Ցավոք սրտի, դուրս եմ բերել 4 մարդկային դի. կուզեինք ողջ դուրս բերել:
Հուզմունքն ու մնացածն արդեն տուն գնալուց հետո է լինում, որ ողջ մարդկանց չես կարողանա գտնել:
Ռուբիկ Գաբրիելյան (ՀԱԷԿ-ի զոդող) - Նման բարդություններ եղել են միայն Լենինականում և Սպիտակում:
50 տարուց ավելի է՝ զոդող է Ռուբիկ Գաբրիելյանը, ատոմակայանից է եկել: Փրկարարները ցուցումներն էին ուզում, արգելում բարձրանալ փլուզման ենթակա շենք, բայց բարձրացել են:
Փրկարարներ, հրշեջներ, զոդողներ... Աղետը միավորել է մարդկանց: Մարդկանց կողքին նաև շներն են՝ կոչումով փրկարար:
Ջեյնը իր 11 տարվա ծառայության 6 տարին Ջեկի հետ է անցկացրել:
Ջեյն Ղազարյան - Էդ պահին եթե գտնում է, նստում է, հաչում է: Հենց հիմա իրեն տանում եմ հանգստի: Մտնում ենք տարածք ինքը կես ժամ, ամենաշատը կես ժամ, էն էլ էս պայմաններն են դրա համար: Ահավոր են պայմաններն իր համար, քանի որ ծխապատ է ու իր շնչառական ապարատը խանգարում է:
Ջեկն էլ է փրկարար հատուկ նշանակության ջոկատից է: Պայթյունի առաջին իսկ օրից նրանք աղետի վայրում են:
Հայկ Նաղդալյան (ԱԻՆ ՓԾ Հատուկ նշանակության կենտրոնի ղեկավար) - Կազմում ունենք լեռնափրկարարներ, ջրասուզակներ, կինոլոգներ, հատուկ բարդությունների աշխատանքներ ենք իրականացնում:
17 տարի է ջոկատում է՝ սերժանտ փրկարարից մինչև հատուկ նշանակության կենտրոնի պետ: Առանց հերթափոխի տեղում է, որ տեղում անհրաժեշտության դեպքում փոխեն գործողությունների ընթացքը:
Մոտիկից չեն տեսնում, մենք հեռվից ենք տեսնում, ուղղորդում ենք, կախված պանելներ կան, որ բան չլինի:
Կրակի ու ծխի մեջ, ձեռքերով քարեր հանելուց մինչև փլուզվող երկաթբետոնը գլխին կախված՝ գնալ փլատակների մեջ: Փրկարար լինելու կոչումը նաև ընտրություն է ամբողջ կյանքի համար:
Վահե Գևորգյան - Հայրս, հորեղբայրս աշխատել են, հորեղբայրս հիմա էլ է աշխատում, սիրել եմ մանկուց, ես էլ քաղաքացի չեմ, ես փրկարար եմ:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան