«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ցավակցական հեռագիր է հղել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը.
«Հայտնում եմ իմ խորին ցավակցությունները «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկային զոհերի և տուժածների կապակցությամբ: Այս դժվար պահին Թուրքմենստանի ժողովրդի և կառավարության անունից, ինչպես նաև անձամբ իմ անունից խնդրում եմ փոխանցեք կարեկցանքի և զորակցության խոսքերը զոհվածների հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինման անկեղծ մաղթանքները` բոլոր տուժածներին»:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակներ է ստացել Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից և Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից: Վոլոդինը զորակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել հրդեհից տուժածներին: Մատվիենկոն պաշտոնական նամակում արագ ապաքինում է մաղթել ողբերգական դեպքից տուժածներին.
«Խնդրում եմ զոհերի հարազատներին, անհետ կորածների ընտանիքներին փոխանցել մեր զորակցության խոսքերը»:
Պայթյունից հետո հայտարարված սգո օրերին Հայաստանին իր համերաշխությունն է հայտնել նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը: Փարիզից ցավակցել են զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: Նաև՝ ողջունել փրկարարների անձնազոհությունը, որոնք շարունակում են անհետ կորածների որոնումները: