49 դասախոսություն, վարպետության դասեր. տվյալագիտության ոլորտի մոտ 300 ներկայացուցիչի մասնակցությամբ Երևանում առաջին անգամ անցկացվում է PyData գիտաժողովը: Հայեր, ռուսներ, ամերիկացիներ և այլ երկրներից մասնակիցները ներկայացնում են ոլորտը զարգացնելու իրենց փորձը:
Հաբեթ Մադոյան (PyData Yerevan-ի համահիմնադիր) - Ունենք մոտ 50 ելույթ, որոնցից 25-30-ը արտասահմանից հրավիրված մասնագետներ են: Ունենք չորս զուգահեռ սեսիաներ, ու շեշտը հիմնականում դրվում է բաց կոդով ծրագրային ապահովումների վրա:
Տվյալագիտության մեջ օգտագործվող Phyton, Julia, R ծրագրավորման լեզուների միջոցով մասնագետները ներկայացնում են իրենց ստեղծած գրադարանները, ծրագրավորման գործիքներ կիրառելու տարբերակները: Միջոցառման ընթացքում հնչող բոլոր ելույթները ներկայացվելու են PyData-ի յութուբյան ալիքում, որոնք նպաստելու են Երևանի՝ որպես տվյալագիտությամբ հետաքրքրվող քաղաքի ճանաչմանը:
Արտյոմ Խոզյաինով (գիտաժողովի հովանավոր ընկերության փոխնախագահ) - Հայաստանը մարդկային մեծ ներուժ ունեցող երկիր է, մենք փորձում ենք այստեղ հարմարվել՝ օգտագործելով տեղական գիտական ռեսուրսները:
Ծրագրին մասնակցում են նաև ոլորտով հետաքրքրվողներ, ընկերություններ, ծանոթանում տվյալների կառավարման, վերլուծության և վիզուալիզացիայի արդի լավագույն փորձին, փորձագետներին ներկայացնում իրենց գաղափարները:
Դավիթ Բուդաղյան (գիտաժողովի մասնակից) - Եկել ենք մասնակցելու PyData-ին, որպեսզի պրակտիկ գիտելիքներ ձեռք բերենք, որ կարողանանք կիրառել նաև մեր ընկերության շրջանակում:
Երկօրյա միջոցառման նպատակն է միավորել տվյալագիտության տեղական և միջազգային ավելի քան 40 մասնագետի, որոնք ներկայացնում են ոլորտի զարգացման միտումները: PyData-ն անցկացվում է ամեն տարի, և եկող տարի այն կկազմակերպվի ուրիշ երկրում:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան