Ռոբոտներ, խելացի տներ ու փողոցներ, ավիամոդելներ. «Ինժերական դպրոց» ծրագրի աշակերտների աշխատանքներն են: Վեց ամսում ավագ դպրոցների սաները հիմնային գիտելիքներ են ստացել ինժեներիայի ոլորտում, նրանցից ոմանք որոշել են՝ այդ մասնագիտությունն են ընտրելու: Ծրագրի շրջանավարտ Ռուզաննայի առաջին աշխատանքը խելացի ջերմոցն է, դրանով նպատակ ունի հեշտացնել գյուղացու աշխատանքը:
Ռուզաննա Վարդապետյան («Ինժեներական դպրոց» ծրագրի շրջանավարտ) - Շատ ֆունկցիաներ ավտոմատացված են, օրինակ՝ ոռոգումը, օդափոխությունը, ջերմաստիճանի կարգավորումը, դրանք բոլորն ավտոմատացված են, տվյալները ստանում է գյուղացին հավելվածի միջոցով ու ըստ դրա կարգավորումներ է կատարում:
«Ինժեներական դպրոցում» գործում է երեք խմբակ՝ ռադիոէլեկտրոնիկայի, ռոբոտաշինության և ավիամոդելավորման: Դասավանդում են «Ինժեներական քաղաքի» մասնագետները: Սամվելը, թեև ծրագրավորողի մասնագիտությունն է ընտրել, դասընթացավարների օգնությամբ համադրել է ինֆորմատիկան ու ռադիոէլեկտրոնիկան, ստեղծել լուսավորվող աստիճանավանդակ:
Սամվել Հարությունյան («Ինժեներական դպրոց» ծրագրի շրջանավարտ) - Շատ պետքական է. մթության ժամանակ, երբ մարդն ուզում է աստիճաններով բարձրանալ, լույսերը կվառվեն, և ինքը կկարողանա բարձրանալ: Այստեղ սենսորներ են ինֆրակարմիր, երբ մարդն անցնում է, լազերներով այստեղ երևում է, և լույսը միանում է:
Ավիամոդելավորման խմբակի աղջիկները ոչ միայն վստահ են, որ ավիացիան միայն տղամարդկանց ոլորտ չէ, այլև իրենց ապագան հենց այս դաշտում են պատկերացնում:
Արմինե Ավագյան («Ինժեներական դպրոց» ծրագրի շրջանավարտ) - Աղջիկներն էլ կարող են էլի իրենց գաղափարներն օգտագործել ավիամոդելավորման մեջ նորամուծություններ մտցնելու համար:
Արմինեն միանգամից երկու օդանավ է պատրաստում, դրանցից մեկն արդեն հաջողությամբ փորձարկել է:
Արմինե Ավագյան - Երկուսն էլ շարժիչով են աշխատում: Մեկը S2-ի մոդելինն է, մյուսը՝ Սու: Երկուսն էլ կառավարվում են հեռակառավարման հատուկ սարքով: Մոտավոր 10 րոպե կարող են մնալ օդում:
Ծրագրի կազմակերպիչները նշում են՝ 1 տարվա ընթացքում այն արդեն հիմնավորել է իր կարևորությունը. ապացույցը աշակերտների ստացած գիտելիքներն ու գրանցած հաջողություններն են:
Նինա Հակոբյան («Ինժեներական քաղաք» կրթական ծրագրերի կոորդինատոր) - Մեր ռոբոտաշինության խմբակի աշակերտներն այնպիսի գիտելիքներ են ստացել, որոնք իրենց թույլ են տվել այս գիտելիքների հիմքով մասնակցել ռոբոտաշինության «Արմռոբոտիքս» և «Ռոբոտեք» մրցույթներին:
Աշակերտների մի մասը «Ինժեներական դպրոցն» ավարտել, բայց «Ինժեներական քաղաքից» հեռանալ չի ցանկացել, ուսումը շարունակում են այլ կարգավիճակով:
Նինա Հակոբյան - Ցանկություն հայտնեցին դառնալու մեր էլեկտրոնային սարքեր, չափիչ համակարգեր բազային ամբիոնի ուսանողներ և իրենք արդեն իսկ առաջին կուրսի ուսանողներ են:
«Ինժեներական դպրոցի» շրջանավարտներն իրենց գաղափարների միայն մակետներով սահմանափակվել չեն ցանկանում: Վստահեցնում են՝ հնարավորության դեպքում կստեղծեն դրանց իրական մոդելները:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան