Երևանում և հանրապետության որոշ շրջաններում հաջորդ շաբաթ օդի ջերմաստիճանը կհասնի 42 աստիճանի: Արտակարգ իրավիճակների նախարարությունից զգուշացնում են՝ նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օգոստոսի 11-ից անտառամերձ հատվածներում կանցնեն ուժեղացված ծառայության:
Բագրատ Վարդազարյան (ՀՀ ԱԻՆ փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ) - Ծավալեցինք ժամանակավոր հենակետեր, անտառամերձ հատվածներում տեղակայեցինք մարտական հաշվարկներ:
Բարձր ջերմային ֆոնի և տեղումների բացակայության պատճառով հրդեհների բռնկման վտանգ կա նաև Երևանում, բայց փրկարարական ուժերից վստահեցնում են՝ իրավիճակը վերահսկելի է:
Բագրատ Վարդազարյան - Մենք համագործակցում ենք կանաչապատ տարածքների ղեկավարների հետ: Անընդհատ նրանք իրականացնում են ոռոգում, մեր կողմից նաև աջակցություն է լինում հսկվող կրակներ իրականացնելու հարցում:
Նախորդ տարվա առաջին ութ ամիսներին հանրապետության անտառամերձ հատվածներում արձանագրվել է 3905 հրդեհ, այս տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը 1026-ով պակաս է: Փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալն այս հանգամանքը պայմանավորում է բնակչության գիտակցության մակարդակի բարձրացմամբ:
Բագրատ Վարդազարյան - Շաբաթ-կիրակի օրերին հատկապես բնակչության կողմից, որ ակտիվանում են պիկնիկի գնալու սովորությունները, մենք դրոններով մշտադիտարկումներ ենք անում, իրազեկում ենք անում վարքականոնների վերաբերյալ, որպեսզի իրենց հետևից կրակը մարեն, հանգցնեն, նոր հեռանան:
Հրդեհներին դիմագրավելու համար վարչությունը զինված է անհրաժեշտ տեխնիկայով, հրշեջներին օգնելու նպատակով կամավորական խմբեր են ստեղծված նաև 9 համայնքում: Չնայած այս ամենին՝ նախարարությունից հերթական անգամ հիշեցնում են՝ անտառամերձ հատվածներում չթողնել ապակե տարաներ ու այլ իրեր, որոնք կարող են հրդեհի բռնկման պատճառ դառնալ:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան