ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԵՎՍ ԵՐԿՈՒ ԲԵՌՆԱՆԱՎ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏՆԵՐԻՑ
Ուկրաինական ևս երկու բեռնանավ դուրս է եկել Սև ծովի նավահանգիստներից՝ հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից: Նշվում է, որ Sakura նավը տեղափոխում է 11 հազար տոննա սոյա, իսկ Arizona նավը՝ 48458 տոննա եգիպտացորեն։
Միևնույն ժամանակ, դեպի Ստամբուլ է շարժվում ևս չորս նավ, որ նախօրեին դուրս էին եկել ուկրաինական նավահանգիստներից: Հացահատիկով և սննդամթերքով բեռնված բոլոր նավերն անցնում են հումանիտար միջանցքով և ուղևորվում Ստամբուլ, որտեղ դրանք զննում են համակարգող կենտրոնի ներկայացուցիչները:
Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը հայտարարել է, որ հացահատիկի և սննդամթերքի անվտանգ արտահանման մասին պայմանավորվածությունների շրջանակում իշխանությունները նախատեսում են ամեն ամիս շուրջ 100 նավ ուղարկել ուկրաինական նավահանգիստներից։
ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԿԻԵՎԻ ՄԻՋԵՎ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՉԿԱ. ՊԵՍԿՈՎ
Թուրքիան բազմիցս առաջարկել է իր տարածքում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպում կազմակերպել, սակայն դա անհնար է՝ առանց բանակցողների «տնային աշխատանքը» կատարելու: Այդ մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա հավելել է, որ ներկայումս Մոսկվայի ու Կիևի միջև որևէ բանակցային գործընթաց չկա։
Պեսկովն անդրադարձել է նաև Ուկրաինայի արևելքում սպասվող հանրաքվեներին։ Նրա խոսքով՝ ոչ թե Ռուսաստանն է պատրաստվում այնտեղ հանրաքվեներ անցկացնել, այլ տարածաշրջանի բնակիչները: Ուստի, ըստ Պեսկովի, Ուկրաինայի նախագահն իր դժգոհությունը պետք է հայտնի ոչ թե Կրեմլին, այլ իր երկրի քաղաքացիներին։
Պեսկովը մեկնաբանելով Էներգոդարում Զապորոժիեի ատոմակայանիի գնդակոծությունները նշել է՝ «դա ծայրահեղ վտանգավոր գործունեություն է՝ հղի աղետալի հետևանքներով»:
ԶԱՊՈՐՈԺԻԵԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԳՆԴԱԿՈԾՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿՈՉ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Զապորոժիեի ատոմակայանի վրա հարձակումները ինքնասպանություն են, դրանք պետք է դադարեն։ Դիվանագետը հույս է հայտնել, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը կկարողանա օգտվել էլեկտրակայանից և «այնտեղ կիրառել իր իրավասությունները»:
Ավելի վաղ Էներգոդարի իշխանություններն Ուկրաինայի զինված ուժերին մեղադրել էին Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծության համար, իսկ Զապորոժիեի մարզի ղեկավար Եվգենի Բալիցկին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը մեղադրել էր ԱԷԿ-ի գնդակոծությունների հարցում անգործություն դրսևորելու համար:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին ատոմակայանի գնդակոծության համար մեղադրել է ռուսական կողմին։
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանում ռազմական գործողություններն անվանել է «միջուկային անվտանգության կանոնների լուրջ և անպատասխանատու խախտում»:
ՄԱԿ-Ի ԱԽ-Ն ԳԱԶԱՅԻ ՀԱՐՑՈՎ ՆԻՍՏ ԿԱՆՑԿԱՑՆԻ
Օգոստոսի 7-ին Իսրայելը և պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորումը Եգիպտոսի միջնորդությամբ պայմանավորվել են դադարեցնել կրակը: Հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել ժամը 23:30-ին:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դրանից հետո Իսրայելի ուղղությամբ մի քանի հրթիռ է արձակվել, սակայն նոր զարգացումներ չեն հետևել։
Գազայի հատվածի բնակավայրերում բնակիչները շարունակում են մնալ ապաստարանների մոտ, կրթական հաստատությունները դեռ փակ են։
Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Գազայի հատվածում իրադրության լարվածության վերաբերյալ նիստ կանցկացնի։ Նիստը նախաձեռնել են ԱՄԷ-ն, Չինաստանը, Ֆրանսիան, Իռլանդիան և Նորվեգիան։
Օգոստոսի 5-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է «Իսլամական ջիհադ» խմբավորման դեմ «Լուսաբաց» գործողության մեկնարկի մասին, որի ընթացքում հրթիռային հարվածներ է հասցրել Գազայի հատվածում խմբավորման օբյեկտներին: Հարվածների հետևանքով սպանվել է խմբավորման երկու հրամանատար: Գործողության մեկնարկից հետո «Իսլամական ջիհադի» ակտիվիստներն իրենց հերթին հրթիռակոծել են Իսրայելի քաղաքները։