Բիզնեսը փորձել է չուշացնել, 21 թվականի շահութահարկի հաշվետվությունը հարկային են ներկայացրել սահմանված ժամկետում, բայց վերլուծությունները ցույց են տալիս՝ բազմաթիվ սխալներով։ Ինչպե՞ս կարող է իրացման խոշոր շրջանառություն ցույց տված տնտեսվարողը տարվա կտրվածքով առհասարակ շահույթ չունենալ՝ փաստաթղթերն ուսումնասիրելով հարցեր են բարձրացնում ՊԵԿ-ի աշխատակիցները։
Անի Տեր-Սահակյան (ՀՀ ՊԵԿ կամերալ ուսումնասիրությունների և վերլուծությունների թիվ 2 բաժնի պետ) - Չեն ներկայացրել շահութահարկի հաշվարկներ կամ ներկայացրել են 0-ական հաշվարկներ, որպեսզի խուսափեն ուշացման տուգանքներից:
Շահութահարկի տարեկան հաշվետվություններում այս ընթացքում հայտնաբերած սխալները հարկահավաքները բաժանում են երկու խմբի՝ մի մասը հաշվապահների թույլ տված տեխնիկական վրիպակներն են, մյուսը՝ հարկը մտածված թաքցնելու-պակասեցնելու մտադրությունը։ Տեսուչներն ասում են՝ համակարգչային ծրագիրն արագ հայտնաբերում է գումարային տարատեսակ անճշտությունները։
Նելլի Ավետիսյան (ՀՀ ՊԵԿ կամերալ ուսումնասիրությունների և վերլուծությունների թիվ 3 բաժնի ավագ հարկային տեսուչ) - Հայտարարագրել է 40 մլն հարկվող շահույթ, սակայն չի հայտարարագրել հաշվետու տարվա շահութահարկի գումար, այսինքն՝ պակաս է հայտարարագրել 7 մլն դրամ:
Մարիամ Հակոբյան (ՀՀ ՊԵԿ կամերալ ուսումնասիրությունների և վերլուծությունների թիվ 2 բաժնի գլխավոր հարկային տեսուչ) - Ծանուցել ենք նրան, դրանից հետո ներկայացվել է ճշգրտված հաշվարկ, որի արդյունքում համախառն եկամուտը՝ 1,4 մլրդ դրամ:
Հնարավոր խախտումը բիզնեսն ի՞նչ մտքով էլ իրականացրած լինի՝ ֆինանսական շեղում հայտնաբերելուց հետո Պետեկամուտների կոմիտեն մեկօրյա ժամկետում ծանուցում է հարկ վճարողին, առաջարկում ինքնուրույն շտկել սխալը։ Փաստարկված այդպիսի գրություններից հետո որոշ գործարարներ արդեն վերանայել են հաշվետվությունները։
Տաթևիկ Մալինյան (ՀՀ ՊԵԿ կամերալ ուսումնասիրությունների և վերլուծությունների թիվ 3 բաժնի պետ) - Ճշգրտված հաշվարկի ներկայացման արդյունքում հայտարարագրվել է շուրջ 4 մլրդ դրամ շահութահարկ:
Որպեսզի պակաս հայտարարագրած հարկերի մասով չտուգանեն, ուշացրած ճշգրտումների համար էլ տույժեր կիրառեն, ՊԵԿ-ից բիզնեսին հորդորում են՝ անպայման, հնարավորինս արագ արձագանքել թերացումների վերաբերյալ ստացած ծանուցմանը՝ ներկայացնել կա՛մ վերահաշվարկ, կա՛մ շահույթ չստանալն ապացուցող լրացուցիչ տվյալներ։