Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների բոլոր կետերով Հայաստանը կառուցողական բանակցությունների վարման քաղաքականություն է իրականացնում՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության հաստատման և ամրապնդման:
«Հիմա նաև ես ենթադրում եմ, որ պիտի խոսք գնա խաղաղության օրակարգի մասին, թե ինչու է լարվածություն և այլն, և այդպես շարունակ: Որովհետև այս բոլոր գործողությունները հենց խաղաղության օրակարգի դեմ են ուղղված: Բայց մենք այդ օրակարգից չենք հրաժարվելու և չենք շեղվելու: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը շատ կարևոր ինստիտուցիոնալ հիմք է այդ օրակարգի իրականացման համար, կրկնում եմ, հենված երեք հիմնական հենասյուների վրա. Լեռնային Ղարաբաղ միավորի արձանագրումը՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի ստորագրմամբ, երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի առկայությունը և խաղաղապահների պարտավորությունը՝ ապահովել շփման գծի անձեռնմխելիությունը, և երրորդը՝ Լաչինի միջանցքի գոյությունը, որը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և որի նպատակն է ապահովել անխափան կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև:
Էլի եմ ասում՝ այս թեման շատ ծավալուն է, շատ մանրամասներ և ասելիքներ կան, բայց այսօր այսքանով ամփոփենք»,- ասաց նա: