Հայաստանը որևէ պլանի համաձայնություն չի տվել, հետևաբար Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի արձագանքն է Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի իշխանության պահանջին:
Արմեն Գրիգորյան (ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար) - ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի՝ 2020 թ. եռակողմ հայտարարության 6-րդ կետում, որտեղ սահմանված են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի ստեղծման և գործունեության հետ կապված հարցեր՝ սահմանված է հետևյալը. «Կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի) համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար»: Այս ընթացքում, իհարկե, այս ուղղությամբ որոշակի աշխատանք կատարվել է, բայց այս պահի դրությամբ համաձայնեցված պլան գոյություն չունի: Համենայնդեպս՝ Հայաստանը որևէ պլանի համաձայնություն չի տվել, հետևաբար Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ:
«Արմենպրես»-ին տված հարցազրույցում Գրիգորյանի հայտարարությունից ժամեր անց Արցախի Պաշտպանության բանակը հայտնեց՝ ադրբեջանական զինուժը կոպիտ կերպով խախտել է հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետներ և ԱԹՍ-ներ:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՇՈՒՐՋ
Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն արձանագրում է՝ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն` Լաչինի միջանցքը բացառապես ռուսական խաղապահ առաքելության պատասխանատվության ներքո է։
Վահագն Ալեքսանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Պետք է ակնկալել ռուսական խաղապահ առաքելության հստակ և որոշակի գործողություններ՝ իրավիճակի հետագա էսկալացիան բացառելու և եղած լարվածությունը վերացնելու ուղղությամբ, դա ռուսական կողմի պարտավորությունն ու պատասխանատվությունն է՝ ամրագրված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։
Ռուս խաղաղապահներից իրենց պատասխանատվության գոտում խաղաղություն և կայունություն ապահովելուն ուղղված զսպող հստակ գործողություններ է ակնկալում նաև պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
Ռուստամ Բաքոյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Արդեն երրորդ օրն է, ինչ ադրբեջանական կողմը խախտում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ կրկին դիմելով ագրեսիայի։ Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության խախտումն անթույլատրելի ու դատապարտելի է:
Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահները արձանագրել են օգոստոսի 1-ին ադրբեջանական զինուժի հրադադարի խախտման դեպքերը, բայց ադրբեջանական զինուժը շարունակում է ռազմական գործողությունները ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում: Հռիփսիմե Գրիգորյանը սա ուղղակի անարգանք է համարում բոլոր կողմերի հանդեպ:
Հռիփսիմե Գրիգորյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Սա պետք է հստակ արձանագրվի Ռուսաստանի Դաշնության կողմից և արժանանա համապատասխան գործողությունների՝ շուտափույթ կերպով վերականգնելով խաղաղությունն ու կայունությունը, ինչն ուղղակիորեն բխում է ռուսական խաղաղապահ ուժերի առաքելությունից:
Արուսյակ Ջուլհակյանի խոսքով էլ՝ Ադրբեջանի կողմից ագրեսիայի վերջին դրսևորումների թիրախում ոչ միայն Լաչինն է, այլև ընդհանուր առմամբ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության ամբողջ գոտին:
Արուսյակ Ջուլհակյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Այստեղ է, որ պետք է հասկանանք, թե այս իրավիճակը ինչպես պետք է հանգուցալուծվի: Մենք աշխատում ենք, իհարկե, մեր ռուս գործընկերների հետ, և ակնկալում ենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմի մանդատի համաձայն՝ իր պատասխանատվության գոտում կապահովի խաղաղությունը և կայունությունը: Այս պահին ինտենսիվ շփումների մեջ ենք:
Ինչ վերաբերում է Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքի այլընտրանքային երթուղու կառուցման պլանին, Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծում է՝ եռակողմ հայտարարության համաձայն՝ Հայաստանն արդեն իսկ առաջարկել է եռակողմ ձևաչափով համաձայնեցնել, ստորագրել պլանը և համաձայնեցված ժամանակացույցով ու ճանապարհային քարտեզով գնալ առաջ:
Հեղինակ` Նորայր Շողիկյան