Հայաստանում երեխային կրծքով կերակրելու ցուցանիշները բարելավվել են, սակայն մասնագետները դեռ բավարար չեն համարում:
Եթե 2010 թվականին մինչև 6 ամսական երեխային կերակրել է մայրերի 35 տոկոսը, այսօր այդ ցուցանիշը 45-ի է հասել։ Ցանկալի ցուցանիշը, սակայն, համարվում է 80 և ավելի տոկոսը։
Այդ նպատակով հանրապետությունում օգոստոսի 1-7-ն անցկացվում է կրծքով կերակրման իրազեկման շաբաթ:
Մասնագետները տեղեկացնում են՝ մայրական կաթը ապահով և անվտանգ է, քանի որ պարունակում է հակամարմիններ, որոնք բավականին հզոր միջոց են վարակային հիվանդությունների դեմ պայքարելու համար: Առողջապահության նախարարության Երեխաների առողջության պահպանման բաժնի պետը խորհուրդ է տալիս մինչև վեց ամսականը փոքրիկին կերակրել բացառապես մայրական կաթով:
Լիլիթ Ավետիսյան (ՀՀ առողջապահության նախարարության Երեխաների առողջության պահպանման բաժնի պետ) - 97% դեպքերում բոլոր կանայք կարող են կերակրել իրենց նորածիններին, միայն սակավաթիվ դեպքերում է, երբ առկա են բժշկական հակացուցումներ, որոնք կարող են լինել ինչպես մայրական, այնպես երեխաների կողմից ներկայացված, օրինակ բերեմ՝ գալակտոզեմիա, ֆենիլկետոնուրիան:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան