Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը թվարկել է իր կառավարության առաջնահերթությունները, որոնցից են էներգետիկ ոլորտում անկախության ապահովումը, պաշտպանունակության ամրապնդումը, հավասարության երաշխավորումը:
Նա նշել է, որ Ֆրանսիան, ի տարբերություն եվրոպական այլ երկրների, մեծ կախում չունի ռուսական գազից, սակայն էներգառեսուրսի մատակարարման դադարեցումը կազդի նաև ֆրանսիական տնտեսության վրա։ Բորնը նաև կոչ է արել պայքարել անջատողականության և իսլամիզմի դեմ, որոնք սպառնում են հանրապետական միասնությանը։
Վարչապետը, միաժամանակ, կոչ է արել խորհրդարանին, որտեղ ընտրություններից հետո ոչ իշխող դաշինքը, ոչ էլ ընդդիմադիր ուժերից որևէ մեկը բացարձակ մեծամասնություն չի կազմել, վերհիշել «փոխզիջում» բառի նշանակությունը, համախմբվել և միասին հզորացնել Ֆրանսիան՝ հաշվի առնելով ուկրաինական հակամարտության հետևանքները, համավարակը և բնապահպանական խնդիրները։
Չնայած Բորնի կոչերին՝ ընդդիմադիր պատգամավորները փորձել են ընդհատել նրա ելույթը։