Կառավարությունն ընդունել է «ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում, որով 6 ամսով արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվում խոշոր եղջերավոր կենդանիների, ոչխարների, ձիերի մորթիների արտահանման համար:
Այն պայմանավորված է ՀՀ-ի համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքի (անմշակ կաշի) արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով ապահովելու, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ: Որոշման ընդունումը հնարավորություն կտա, ԵԱՏՄ օրենսդրության շրջանակներում, սահմանափակումներ կիրառել այնպիսի ապրանքների արտահանման նկատմամբ, որոնք վերամշակելով տեղում՝ կնպաստի երկրի պաշտպանության և անվտանգության ապահովմանը:
Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում երկրորդային հումքը տեղում վերամշակելու և տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրությունները՝ օգտագործելով անմշակ կաշվե արտադրանքը: Ներկայումս Հայաստանում կաշվի վերամշակման գործունեություն իրականացնող տեղական արդյունաբերական ընկերություններն ունեն կաշվի հումքի պահանջարկ, և հումքային բազայի հնարավորությունները դեռևս ոչ ամբողջական հզորությամբ են օգտագործվում։ Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կաշվի արգելքի ՀՀ կառավարության որոշման ընդունումից հետո՝ դեկտեմբերի 16-ից մինչև ապրիլի 30-ը, ընկերությունների կողմից ընդունվել է 623,819 կգ չմշակված տավարի և 4768 հատ չմշակված ոչխարի կաշի։
Որոշման արդյունքում տեղական կաշվի մշակումն ավելացել է, և արտերկրից հումք ներմուծելու անհրաժեշտություն չի առաջացել։ Կաշվի մշակումը վերամշակող ընկերությունների կողմից ավելացել է ավելի քան 4 անգամ, և որոշման ընդունումը հնարավորություն է տվել ընկերություններին ամբողջությամբ օգտագործել տեղական հումքը՝ առանց լրացուցիչ խմբաքանակ ներմուծելու։ Արտադրական գործընթացում աճել է նաև ընկերության աշխատակիցների թվաքանակը։
Աճել է ընկերությունների վերջնական արտադրանքը, որի արդյունքում էլ մեծացել է տեղական շուկայում հայկական արտադրանքի նկատմամբ պահանջարկը։ Տեղական արտադրական արժեշղթայում կոշիկ արտադրողների կողմից աճել է տեղական վերամշակված կաշվի օգտագործումը։ Տեղական հումքի ապահովումը հնարավորություն է տվել ընկերություններին ընդլայնել արտադրական ծավալները և գրեթե ամբողջությամբ իրացնել տեղական հումքը։