2021-ի ապրիլի 1-ից բնակարանամուտի սպասող քաղաքացիները նորից Կառավարության դիմաց են: «Ասիամեգասթրոյ» ընկերությունը Դավթաշենում պետք է կառուցեր բազմահարկ շինություն, մինչդեռ կանխավճարը, որոշ դեպքերում անգամ ամբողջ գումարը վերցրել, իսկ այժմ հրաժարվում է կառուցել 17 հարկանի շենքը:
Իշխան Նադարյան - Ապագա բնակիչները, ովքեր պետք է բնակարան ձեռք բերեին, մեծ մասը գումարը վերցրել են վարկերով, մեծ մասն էլ էս պահին միչև հիմա վարձով է ապրում, իսկ մենք գիտենք, որ օրեցօր ստեղծված հայտնի իրավիճակներով պայմանավորված վարձերը թանկանում են:
«Ասիամեգասթրոյի» խաբեությունից տուժել է 80 քաղաքացի: Ընկերությունը գրավիչ առաջարկներ է արել, մատչելի գին առաջարկել ու հորդորել՝ և՛ կանխավճարը, և՛ բնակարանի ամբողջ գումարը փոխանցել առձեռն՝ առանց նոտարական հաստատման: Քաղաքացիներն էլ հավատացել, հայտնվել են խարդախության թիրախում: Ընկերությանը վճարվել է մոտ 1.8 միլիոն դոլար:
Արթուր Վարդազարյան - Կարա նաև կանխամտածված լիներ, որովհետև որ նայում ես հետ, Ղազախստանում իրա արած գործերը, մտածում ես, որ այո, կարա նաև կանխատեսված լինի: Միտում կար, որ էսքան բնակչի էս օրը գցեր, ու ինքը հանգիստ իր համար ֆռֆռում ա, ինչ-որ հյուրանոց ա սարքում:
«Ասիամեգասթրոյի» համահիմնադիրներ Գեղամ Ասրյանին և Ռադիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել: Ընդ որում՝ քրեական գործ հարուցվել է ոչ թե խարդախությամբ քաղաքացիներից գումար կորզելու, այլ «Էռնեստ կո» ընկերության նկատմամբ ֆինանսական պարտավորությունները չկատարելու համար: Դավիթաշենի կիսակառույց շինությունն էլ պարտքի դիմաց արդեն անցել է Էռնեստ կո-ի սեփականատիրոջը: Բնակիչները 2021-ի ապրիլինի դիմել են սնանկության դատարան, արդեն նոյեմբերին «Ասիամեգասթրոյը» ճանաչվել է սնանկ: Հիմա խնդրում են Կառավարությանը կից աշխատանքային նոր խումբ ձևավորել:
Արթուր Վարդազարյան - Վերջին՝ վերաքննիչ դատը բնակիչներս կրել ենք: Մի խոսքով՝ օրենքով ամեն ինչը մեր կողմն ա, ուղղակի պետք ա Կառավարության աջակցություն, ուրիշ ոչ մի բան, հանդիպել կառուցապատողի հետ և հարցնել՝ ինչն ա խնդիրը, որ 1.5 տարի ա՝ էս գործն առաջ չի էթում:
«Ասիամեգասթրոյից» տուժածներին Կառավարության դիմաց հանդիպեց էկոնոմիկայի նախարարը: Վահան Քերոբյանը վստահեցրեց՝ խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է, և որ մասնավոր ընկերությունների հետ մոտ ապագայում կկարողանան խնդիրը լուծել:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Մենք շահագրգռված ենք, որ խնդիրները լուծվեն շատ ավելի արագ և մարդիկ հնարավորինս քիչ վնասներ կրեն: Ես անձամբ խնդրել եմ՝ ներգրավվեն կառուցապատողներ, որոնք կարողանան, քաղաքապետարանի և քննչական խմբի աշխատանքի արդյունքում, խնդրին լուծում տալ, ավելի արագ, քան իրավական ընթացակարգերի միջոցով:
Այսպիսի իրավիճակներում չհայտնվելու համար նախարար Քերոբյանը քաղաքացիներին հորդորեց բնակարան գնելիս ուշադիր լինել և գործել օրենքի շրջանակում: