Կարծում եմ, որ Ազգային ժողովում համապատասխան էթիկայի հանձնաժողովը երբ ստեղծվի, մանրամասն կքննի այս վարքագիծը, կքննի նաև պատգամավորին ոչ հարիր գործելաոճ ունենալու հանգամանքը և կոնկրետ դեպքը, նաև խիստ արձագանք կլինի դրան: Այս մասին, անդրադառնալով երեկ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի, Ասպրամ Կրպեյանի և Աննա Մկրտչյանի՝ ՀՀ առողջապահության նախարարություն ներխուժելուն, ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«2021 թվականի ընտրությունների արդյունքում ընտրվել են պատգամավորներ, և նրանք պարտավոր են գալ իրենց աշխատանքի վայր և նաև ունեն բոլոր հնարավորությունները, հարթակները՝ հանդիպելու նախարարների հետ՝ ուղղելու հարցեր, քննադատություն և այլն, բայց, չգիտես ինչու, օրենքով սահմանված քաղաքակիրթ երկրներին բնորոշ հարթակները թողած՝ անձինք ոչ թե հանդիպում են ուզում, այլ ուղղակի բեմականացված գռեհիկ շոուներ»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:
Հիշեցնենք, որ երեկ ընդդիմադիր պատգամավորները, չենթարկվելով ոստիկանների պահանջին, մուտք էին գործել նախարարություն, անցնելով անվտանգության պատնեշի տակով, անտեսելով անվտանգության աշխատակիցների հորդորները՝ հասել էին ՀՀ առողջապահության նախարարի ընդունարան, մտել նիստերի դահլիճ, որտեղ նախարարը քննարկում էր անցկացնում: Ընդդիմադիր պատգամավորները նախարարի ուղղությամբ էին նետել զոհված տղաների նկարները, որոնք հայտնվել էին հատակին:
Միջադեպին արձագանքել էր նաև ՀՀ առողջապահության նախարարությունը:
Նախարարությունը դիմում է ԱԺ՝ քննելու պատգամավորների ցուցաբերած վարքագիծը: