«Դատախազության մասին» օրենքով սահմանված կարգավորումների համաձայն` դատախազների թեկնածությունների ցուցակի կազմման համար, ինչպես նաև գլխավոր դատախազի տեղակալի թափուր տեղ առաջանալու դեպքում մրցույթ հայտարարելու համար տեղեկատվությունը հրապարակվում է, ի թիվս այլնի, նաև 3000 տպաքանակ ունեցող մամուլում:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքով՝ կարգավորումներով նախատեսվում են նաև տեղեկատվության տարածման և հրապարակման այլ գործիքակազմեր, որոնք առավել համահունչ են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման արդի միտումներին:
Ուստի, Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել վերոնշյալ օրենքում և թեկնածությունների ցուցակի կազմման համար, ինչպես նաև գլխավոր դատախազի տեղակալի թափուր տեղ առաջանալու դեպքում մրցույթ հայտարարելու համար տեղեկատվությունը հրապարակել ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և դատախազության կայքէջում:
Պատգամավորները կարևորել են առավել արդյունավետ իրազեկման միջոցների կիրառումը: Անդրադարձ է եղել թղթային ձևաչափով ծանուցումների ստացմանը:
Զեկուցողի խոսքով՝ նախատեսվում է 2023 թ. անցում կատարել քրեական գործերով վարույթի էլեկտրոնային ռեժիմին, որն առավել արդյունավետ կդարձնի գործընթացը:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն: