Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռևս մնում է չլուծված. Միացյալ Նահանգների դիրքորոշումը վերահաստատել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին: «Արմենպրեսին» տված հարցազրույցում դեսպանն ընդգծել է՝ հակամարտությունը ռազմական լուծում չունի:
Լին Թրեյսի (ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան) - Մենք շարունակում ենք կարծել, որ տևական լարվածության հիմքում գտնվող և 2020 թ. ռազմական գործողություններին հանգեցրած խնդիրները պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով ու համապարփակ լուծմամբ՝ հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և ուժի չկիրառման միջազգայնորեն ճանաչված սկզբունքները: Մենք խրախուսում ենք շարունակել խաղաղության բանակցությունները և պատրաստ ենք ներգրավվել երկկողմ ձևաչափով և համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:
Գտնել համապարփակ լուծումներ բոլոր չկարգավորված խնդիրներին և կարգավորել հարաբերությունները՝ խաղաղության համապարփակ համաձայնագրի ստորագրմամբ: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի այս ջանքերին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակում: Դեսպանը մտահոգիչ է համարել Ադրբեջանի գործողությունները՝ մասնավորապես վերջին շրջանում գրանցված գազամատակարարման խաթարումների և շփման գծի հատվածում ադրբեջանական զորքերի տեղաշարժերի համատեքստում: Իսկ ինչ քայլեր կարող է ձեռնարկել Միացյալ Նահանգները Արցախի բնիկ ժողովրդի կենսական և հիմնարար իրավունքները պաշտպանելու համար:
ԱՄՆ-Ն ՃԱՆԱՉՈՒՄ Է ԼՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՐՆ ԱՊԱԳԱՆ ՈՐՈՇԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
Լին Թրեյսի - Ժողովուրդների ինքնորոշման իրավունքն առանցքային գործոն է, սակայն այս նպատակին հասնելու համար միակ միջազգայնորեն ճանաչված սկզբունքը չէ, իսկ հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումն իր ապագան որոշելու հարցում:
Միացյալ Նահանգները սատարում է Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսությանը, որը կարող է հանգեցնել այս երկու հարևան պետությունների հարաբերությունների կարգավորմանը: Արդյունքը կարևոր է ինչպես երկու երկրների ապագայի, այնպես էլ Կովկասում կայունության համար՝ Վաշինգտոնի դիրքորոշումը վերահաստատել է դեսպան Թրեյսին:
Լին Թրեյսի - Միացյալ Նահանգների դիրքորոշումը վաղուց ի վեր եղել և մնում է այն, որ հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների և առանց այլ հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բանակցությունների հետ կապելու:
ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՂ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Լին Թրեյսին անդրադարձել է նաև հայ-ամերիկյան հարաբերություններին:
Լին Թրեյսի - Մենք հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին և մեկ անգամ ևս վերահաստատեց 2021 թ. խորհրդարանի ընտրությունների ժամանակ:
Միացյալ Նահանգները շատ բարձր է գնահատում Հայաստանի հետ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա խարսխված գործակցությունը և շարունակում է հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա դրական շարժ նախանշել: Լին Թրեյսին նշել է, որ Վաշինգտոնը սատարում է Հայաստանի Կառավարության ջանքերը, որոնք միտված են հայ ժողովրդի՝ ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների ու աշխատանքի պաշտպանության, անվտանգության, ներառական տնտեսության և իրավունքի գերակայության վերաբերյալ ակնկալիքների իրագործմանը:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան