Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Էվա Կոպաչի հետ։
Զրուցակիցները կարևորել են ընդհանուր արժեքների վրա հիմնված Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնումն ու խորացումը։ Կոպաչը բարձր է գնահատել ժողովրդավարական զարգացման նպատակով Հայաստանի կառավարության բարեփոխումները և աջակցություն հայտնել դրանց։ Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներ։
Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված քայլերի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման վերաբերյալ։
Հայկական կողմն ընդգծել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների լուծման կարևորությունը, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անվերապահ հայրենադարձման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։
Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել այդ հարցերի վերաբերյալ համապատասխան բանաձևերի և զեկույցների ընդունման միջոցով Եվրախորհրդարանի հայտնած սկզբունքային դիրքորոշման համար։
Նախարարը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է անցկացրել նաև Անդրեյ Կովաչևի, Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի և Եվրոպական խորհրդարանի այլ պատգամավորների հետ։ Միրզոյանը Կաստալդոյին շնորհել է ՀՀ ԱԳՆ առաջին աստիճանի Պատվո մեդալ՝ Հայաստանի ու Եվրամիության միջև միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում ունեցած զգալի ներդրման համար։
Արարատ Միրզոյանը հարգանքի տուրք է մատուցել և ծաղկեպսակ դրել Բրյուսելի «Անրի Միշո» հրապարակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-կոթողի մոտ:
Խաչքար-կոթողը վերջերս վանդալիզմի էր ենթարկվել, ապա՝ ժամեր անց, քաղաքային իշխանությունների ջանքերով վերականգնվել։
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան