Ուկրաինայում իրավիճակով պայմանավորված՝ ակտիվացել է մեր հայրենակիցների ներգաղթի գործընթացը: Աշխատանքներ են իրականացվել հատկապես Ուկրաինայի հարակից երկրներ տեղափոխված ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու ուղղությամբ:
Հովհաննես Ալեքսանյան (ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ) - Ովքեր չեն ունեցել ֆինանսական հնարավորություն, նրանց պետությունը որոշակի օժանդակել է: Այս իմաստով՝ տոմսեր են ձեռք բերել նրանց համար, և նրանք տեղափոխվել են Հայաստան:
Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով, ուկրաինական փաստաթղթերով շուրջ 6000 քաղաքացի է մուտք գործել Հայաստան, որոնց մեծ մասը մեր հայրենակիցներն են: Երկքաղաքացիների մի մասը մուտք է գործել հայկական անձնագրերով: Նրանց օժանդակելու նպատակով սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հետ, իրականացնում է ինտեգրման ծրագիր:
Հովհաննես Ալեքսանյան - Նախևառաջ՝ բնակվարձի սուբսիդավորման ծրագիրը եռամսյա, մինչև 70 հազար դրամի չափով, երկրորդը կրթական կոմպոնենտն է, հաջորդը առողջապահականն է:
Ուկրաինայի հայկական համայնքը մեծությամբ 4-րդն է աշխարհում՝ 400 հազար հայ բնակչությամբ: Ընդհանուր առմամբ՝ Հայաստան ներգաղթելու դիմումների թիվն աճել է նաև Եվրամիության երկրներից և Ավստրալիայից: Նախորդ տարի սփյուռքի 7300 մեր հայրենակից ձեռք է բերել Հայաստանի քաղաքացիություն:
Հովհաննես Ալեքսանյան - Նախևառաջ դա ՌԴ-ն է, մոտ 2000-ը ստացել են ՀՀ քաղաքացիություն, Լիբանանից ևս 2000-ը, հետո իրան Վրաստա սիրիա և միացյալ նահանգներ:
2070-ը ձեռք են բերել մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ: Անդրադարձ հանձնակատարի գրասենյակի այս տարվա ծրագրերին: Այս տարի Հայաստան կժամանի «Քայլ դեպի տուն» ծրագրի 400 մասնակից՝ սփյուռքի տարբեր համայնքներից: Ծրագրին մասնակցել ցանկացողների քանակն աննախադեպ է՝ ավելի քան 950 դիմումատու: Մեկ այլ՝ պետական համակարգում մեկ տարի ժամկետով աշխատելու «իԳործ» ծրագրի նկատմամբ ևս մեծ հետաքրքրություն կա:
Հովհաննես Ալեքսանյան - 50 տեղի համար ունենք 300 դիմում 30 երկրից:
Սեպտեմբերին կիրականացվի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը: Իսկ «Սփյուռքի ներուժի քարտեզագրման» ծրագրի իրականացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան