Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրություն» շարժումն անհնազանդության ակցիաները սկսեց Երևանի փողոցներով ավտոերթ իրականացնելով: Տարբեր ուղղություններով ավտոերթից հետո ցուցարարները հավաքվեցին Ֆրանսիայի հրապարակում:
Մինչ այս «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության անդամներն իրազեկման ակցիա իրականացրեցին բուհերում: Նրանք շրջում էին լսարաններով, ուսանողներին հորդորում միանալ իրենց ակցիային։ Հետո փորձեցին փակել փողոցներ՝ նստելով ճանապարհի երթևեկելի հատվածում: Ոստիկանությունից «Լուրերին» հայտնեցին, որ այս ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 անձ:
Փոքր խմբով հավաքվել էին նաև Քննչական կոմիտեի շենքի դիմաց՝ ի պաշտպանություն Ավետիք Չալաբյանի և Ագրարային համալսարանի դասախող Էմմա Սարգսյանի, որոնք ձերբակալվել են ընդդիմության հավաքներին մասնակցելու համար Ագրարային համալսարանի ուսանողներին նյութապես շահագրգռելու կասկածանքով:
Արդեն Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց ընդդիմության երթը: Մաշտոցի պողոտայով ու Ամիրյան փողոցով անցնելուց հետո նրանք փակեցին Կառավարության 3-րդ մասնաշենքի 2-րդ մուտքը, որտեղ գտնվում են մի քանի նախարարություններ:
Ըստ Սաղաթելյանի՝ իրենց նպատակներից է երկրում երկիշխանության հասնելը:
Իշխան Սաղաթելյան (ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ) - Մենք ամբողջությամբ այդ գծի մեջ ենք և տեսնում եք՝ պայքարը հետևողականորեն առաջ է գնում:
Ոստիկանության ներկայացուցիչները, որոնք կենդանի պատ էին ցուցարարների ու շենքի միջև, ճանապարհ բացեցին, որպեսզի կառավարության 3-րդ մասնաշենքի աշխատակիցները կարողանան դուրս գալ: Իշխան Սաղաթելյանը սպառնաց նախարարներին:
Իշխան Սաղաթելյան - Որևէ աշխատակցի` մեզ ողջունելու, մեզ միանալու կամ իր քաղաքական հայացքների համար հանկարծ ենթարկվեց հետապնդման, էսքանով կգանք համ ձեր տուն, համ էլ կաբինետ:
2 ժամ կառավարության 3-րդ մասնաշենքը փակ պահելուց հետո ցուցարարները Նալբանդյան փողոցով շարունակեցին երթը: Նրանք մի պահ կանգնեցին ուժային կառույցների՝ Ազգային անվտանգության, Ոստիկանության, Բարձրագույն դատական խորհրդի շենքերի դիմաց՝ հորդորելով չկատարել գործող իշխանության հրամանները:
Այսօր անհնազանդության գործողություններին ներկա չէր ընդդիմության առաջնորդներից Արթուր Վանեցյանը: «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը «Լուրերի» հետ զրույցում նշեց, որ Արթուր Վանեցյանը վատառողջ է՝ ֆիզիկապես ի վիճակի չէ, բարձր ջերմություն ունի, այդ պատճառով ներկա չէ երթին:
Հեղինակ` Անի Օհանյան